30 տարի մեր երկիրը թալանել են, բայց հիմա այս երիտասարդները 100 գլուխ բարձր են նրանցից… նրանցը միայն ստելն ու թալանելն էր

«Նոր կառավարության առաջին գործը պետք է լինի տնտեսությունը օլիգարխներից ամբողջությամբ ազատելը։ Բոլորը պետք է հավասար տեղ ունենան ապրանք ներկրելու, արտահանելու, արտադրելու գործում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը։

 

 

 

 

Նրա խոսքերով՝ ճիշտ է, այդ ուղղությամբ հեղափոխությունից հետո մեծ աշխատանք է կատարվել, բայց դեռ տեղ կա «Հողը որքան էլ քաղհանում ես, մեկ է, մոլախոտեր աճում են։ Բայց պետք է ասեմ, որ մեր պետությունը 50 տոկոս շահել է, որ այդ բաշիբոզուկները հեռացել են։

Որ եղածը չեն թալանում, հայ ժողովուրդն արդեն շահած է դուրս գալիս, որ ժողովրդի ունեցածի մեջ 50 տոկոս փայ չեն մտնում, արդեն շահած է դուրս գալիս ժողովուրդը։ Մնում է մենք բոլորս դիվանների վրայից վեր կենանք ու գնանք աշխատելու։ Եթե բոլորս այսպես մտածենք, Հայաստանը մեկ-երկու տարում մեծ առաջընթաց կունենա։

 

Այս նոր կառավարությունը ինչ ասում և ինչ անում է՝ ես հավատում եմ, մենք մեծ սպասելիքներ ունենք»,- ասաց Հայրապետյանը և հավելեց. «Երբ մենք փոքր էինք, մայրս մեզ միշտ ասում էր, որ 2000 թվականին Քրիստոսը գալու է, լավ է լինելու։

Ես իմ մոր ասած 2000 թիվը հիմա համեմատում եմ այսօրվա իրավիճակի հետ։ Փաշինյանն այն Քրիստոսն է, որ հետ է եկել Հայաստանը փրկելու։ Այ, այսպիսի համեմատություն եմ ես անում»։

 

 

 

Գործարարը որոշակի վերապահում ունի Փաշինյանի կողմից իրականացվող կադրային նշանակումների մասով, բայց վստահ է, որ ժամանակի ընթացքում կադրերը կմաղվեն, և կմնան միայն արժեքավորները։ «Նշանակումների 15-20 տոկոսը խոտան կլինի։

 

Հատ-հատ մաքրած ցորենը, որ ցանում ես, մեկ է, մոլախոտեր էլ են աճում զուգահեռ, բայց այդ մոլախոտերը ընթացքում կպոկվեն ու կմնա մաքուր ցորենը։ Մեր երիտասարդները շատ լավն են։ Շատ ճիշտ է վարվում Փաշինյանը, որ երիտասարդների է նշանակում։ Երիտասարդների ջիղը, աշխատասիրությունը, հայրենասիրությունը շատ բարձր է»,- ընդգծեց Հայրապետյանը։

Գործարարի խոսքերով՝ նոր կառավարության առաջնահերթությունը պետք է լինի արդյունաբերությանը, թեթև արդյունաբերությանը զարկ տալը, տարիների ընթացքում հանքանյութերի արտահանումից պետք է անցում կատարի արտադրության՝ սկսի ինքնուրույն մշակել։

 

 

Բացի դրանից՝ հանքերի հիմնական մասնաբաժինը պետք է անցնի պետության ձեռքը։ Պետք է մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, գյուղերում հիմնել փոքր ձեռնարկություններ՝ այդպիսով ապահովելով երկրի բնակչության զբաղվածության խնդիրը։ «Մեկ օրով հնարավոր չէ լուծել այս խնդիրները, բայց նախադրյալներ կան։ Ամեն ինչ լավ է լինելու։

30 տարի մեր երկիրը թալանել են, բայց հիմա այս երիտասարդները 100 գլուխ բարձր են նրանցից իրենց պրոֆեսիոնալիզմով և ամեն ինչ կանեն, որ արդյունք գրանցեն։ Այս երիտասարդները գիտեն լեզու, գիտեն պետության, գիտեն մարդկանց հետ վարվելաձև։ Նրանցը միայն ստելն ու թալանելն էր»,- եզրափակեց Փայլակ Հայրապետյանը։

 

 

 

1in.am

Be the first to comment on "30 տարի մեր երկիրը թալանել են, բայց հիմա այս երիտասարդները 100 գլուխ բարձր են նրանցից… նրանցը միայն ստելն ու թալանելն էր"

Leave a comment

Your email address will not be published.


*