«Որդուս Ծնունդն Առանց Նրա Ենք Նշում». Զոհված Զինծառայող Գինեսի Ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանը Կդառնար 22 Տարեկան (Ֆոտո)

2017թ. մարտի 28-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհված հրազդանցի զինվոր, Գինեսի  ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանն այսօր կդառնար 22 տարեկան:

Զոհված զինծառայողի ծննդյան օրը հարազատները, մտերիմները հավաքվել էին Արտակի հարազատ տանը եւ առանց նրա ներկայության նշում էին ծննդյան օրը:

Դժբախտ դեպքից շուրջ երկու տարի անց Արտակի մայրը՝ Դիանա Ավետիսյանը դեռ չի հավատում, որ որդին չկա: NEWS.am-ի հետ զրուցում Դիանան ասում է, որ դեռ սպասում է Արտակին. «Ինչ կարող եմ անել, Արտակի ծնունդն եմ նշում առանց Արտակի: Բոլորը հավաքվել են մեր տանը, բայց ոչ թե տորթի մոմեր ենք փչում, այլ գերեզման ենք գնում ու շնորհավորում նրան»,-հուզմունքը խեղդելով՝ պատմում է Դիանա Ավետիսյանը՝ նշելով, որ որդու բացակայությունը ոչնչով չի կարողանում լրացնել, ամենուր նրան է փնտրում:

 

 

 

 

Արտակի մարզիչ Նարեկ Սուքիասյանն էլ նշեց, որ իր սանի մասին հիշողություններից բոլորն էլ թարմ են, բայց շատ տպավորիչ հիշում է հենց ծննդյան օրը Գինեսի ռեկորդ սահմանելը.  «Շատ լավ հիշում եմ, երբ հենց իր ծննդյան օրը ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախկին ռեկորդը: Մենք իրեն պիտի նվեր անեինք, բայց ինքը բոլորին արեց նվեր՝ իր գյուղին, քաղաքին, ազգին: Ինքն այն տեսակներից էր, որ երբեք չէր հղփանում, չէր գոռոզանում, ես իմ բոլոր սաների մոտ Արտակին միշտ օրինակ եմ բերել ոչ թե նրա համար, որ այլեւս չկա ինքը, այլ Արտակը միշտ է ինձ համար համեստ, պատասխանատու անձի օրինակ եղել: Այնքան համեստ էր, որ անգամ բանակից երբ զանգում էր իմ հետ խոսելու, էլի «սենսեյ»-ով էր դիմում, ինքը գիտեր դիմացինին հարգել: Այսօր բոլորս հավաքվել ենք իրենց տանը. գնացինք գերեզման եկանք ու հիմա իր մասին հիշողություններով ենք կիսվում, հիշում ենք իրեն ամեն օր ու դա է մեզ ապրեցնում»,-ասաց Նարեկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ 2017թ-ի մարտի 28-ին Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի արձակած գնդակից զոհվել էր Արտակ Ռաֆայելյանը: Նա Հրազդանից էր՝ Գինեսի ռեկորդակիր: Իր արտասովոր ունակությունների համար նա ոչ միայն գրանցվել էր Դյուցազնագրքում, այլ նաեւ դարձել Գինեսի գրքի ռեկորդակիր՝ պառկած դիրքից 11011 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը: Նրա նպատակը արդ ոլորտում առաջ գնալն ու նոր հաջողություններ գրանցելն է:

 

 

 

 

Արտակ Ռաֆայելյանը նաեւ Ապրիլյան պատերազմին էր մասնակցել: Արտակն ունի իրենից փոքր եղբայր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Be the first to comment on "«Որդուս Ծնունդն Առանց Նրա Ենք Նշում». Զոհված Զինծառայող Գինեսի Ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանը Կդառնար 22 Տարեկան (Ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*