Անմարդկային էր կերակրող մոր հանդեպ խափանման միջոց կալանք ընտրելը. Զոհրաբյանը` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի մասին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ինքը` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, շարունակելու է հետևել առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք վերցնելու մեջ մեղադրվող` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ հարուցված գործին:

«Հարցը բավականին զգայուն էր և ես` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ուղղակի չէի կարող այս դեպքին հատուկ չանդրադառնալ: Դպրոցի տնօրենը մեկ տարեկան երեխա ունի, որին կերակրում էր և ուղղակի անմարդկային էր կերակրող մոր հանդեպ խափանման միջոց կալանք ընտրելը:

 

 

 

 

Հարցի վերաբերյալ ես դեռ օրեր առաջ զրուցել եմ ՀՀ գլխավոր դատախազի հետ և ես ու իմ գործընկեր կին պատգամավորները հանդես ենք եկել պատգամավորական միջնորդությամբ ՝ խափանման միջոցը փոխելու համար: Մեր միջնորդությունը հարգվել է և դպրոցի տնօրենի խափանման միջոցը փոխվել է. երեխան կլինի իր մոր կողքին, մնացածն արդեն օրենքի հարց է:

 

Վստահ եմ, որ քննությունը կտարվի բացարձակ անաչառ: Որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ ես հետևելու եմ այս գործի բոլոր դատական նիստերին»,- գրել է Զոհրաբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը ազատ է արձակվել:

 

 

 

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել»,- տեղեկացրել էր Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 20-ին կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել և կալանավորվել էր Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ-ն:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և խնդրել էր փոխել դպրոցի տնօրենի խափանման միջոցը:

 

 

Աղբյուրը ` 1in.am

 

Be the first to comment on "Անմարդկային էր կերակրող մոր հանդեպ խափանման միջոց կալանք ընտրելը. Զոհրաբյանը` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*