Մոսկվայի պայմանագիր․ ո՞վ է պատասխանատու Կարսի կորստի համար

921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի ու Քեմալական Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության ու եղբայրության պայմանագիր։ Խնդրո առարկայի էության ու առանձնահատկությունների մասին առավել խորքային պատկերացում կազմելու նպատակով փոքրիկ պատմական էքսկուրս իրականացնենք։

Ռուսաստանը գրեթե միշտ Թուրքիայի համար ունեցել է մահակի կարգավիճակ, իսկ վերջինս էլ եղել է այն պատնեշը, որը կանխարգելել է Ռուսաստանի ներթափանցումը Մերձավոր ու Միջին Արևելք, ինչպես նաև՝ բացարձակ հեգեմոնիան Սև ծովում։

Բավական է միայն նշել, որ պատմության ընթացքում արձանագրվել է 12 Ռուս-թուրքական պատերազմ։

Բայց կողմերի փոխհարաբերություններում բնորոշ է եղել նաև Ռուսաստանի՝ Թուրքիայի համար ժամանակավոր այլընտրանքի կարգավիճակը, մասնավորապես՝ պատմության մեջ առնվազն երկու անգամ Ռուսաստանը փրկել է Թուրքիային՝ կանխարգելելով վերջինիս անխուսափելի կործանումը։ 1831-33թթ. Թուրք-եգիպտական պատերազմի ժամանակ Նիկոլայ 1-ը և ռուսական նավատորմը բառացիորեն Օսմանյան կայսրությունը փրկեցին կործանումից ու մասնատումից և, ի վերջո, Առաջին աշխարհամարտում ջախջախված, մասնատված Թուրքիան կարողացավ վերակենդանանալ և նոր շունչ առնել Խորհրդային Ռուսաստանի ֆինանսական և ռազմական օգնության միջոցով։ Վերոհիշյալ օրինակները վառ ապացույցն են այն բանի, որ Ռուսաստանն իսկապես Թուրքիայի համար պատմական տարբեր ժամանակամիջոցներում եղել է ժամանակավոր այլընտրանք։ Իսկ ժամանակավոր, քանզի կողմերի միջև երկարաժամկետ մերձեցումն անհնար է այնքանով, որ դրանք առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդներ են։

 

 

 

 

Փաստերն այս հուշում են, որ 1921 թ․ Մոսկվայի պայմանագիրն ու դրան նախորդած իրադարձությունները հետևանքն էին աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության ու Ռուսաստան-Թուրքիա միջպետական փոխհարաբերությունների տատանումների։ Առաջին աշխարհամարտում պարտված ու ջախջախված Թուրքիան փորձում էր վերականգնել իր ուժերն ու խուսափել Անտանտի երկրների կողմից պարտադրված ծանրագույն պահանջներից, որոնք ամրագրվել էին Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Խորհրդային Ռուսաստանն էլ փորձում էր հաղթահարել քաղաքացիական պատերազմի ու օտարերկրյա ինտերվենցիայի հետևաքներն ու ոչ միայն ամրապնդել դիրքերը աշխարհում, այլ նաև՝ արտահանել հեղափոխությունն ու առհասարակ հասնել համաշխարհային հեղափոխության ուտոպիայի հաղթանակին։ Ասվածի համատեքստում առաջնային թիրախ էր դիտարկվում Մերձավոր Արևելքը՝ Իսլամական աշխարհը, որտեղ հեղափոխության գաղափարները կարող էին տարածվել Թուրքիայի միջոցով։ Փաստորեն այս պարագայում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են, ու նրանք կնքում են բարեկամության ու եղբայրության պայմանագիր՝ ընդդեմ իմպերիալիստների, այսինքն՝ Անտանտի։

Հիմա փորձենք հասկանալ, թե պատմական այս բարդ ու խճճված գործընթացների համատեքստում ինչպիսի մոտեցումներ են դրսևորել Հայաստանն ու նրա քաղաքական ընտրախավը։ Արդյոք պատրա՞ստ է եղել հայ ժողովուրդը զարգացումների համանման ընթացքին, թե՞ ոչ։

Ցավոք սրտի պետք է փաստենք, որ մենք երբևէ չենք կարողացել ըստ պատշաճի ու էության գնահատել աշխարհաքաղաքական իրավիճակների փոփոխություններն ու պարբերաբար հայտնվել ենք նույն կոտրած տաշտակի առջև։ Կարծես թե նույն մոլորությունը դրսևորվում է նաև մեր օրերում։ Դա առնվազն նկատելի է Մոսկվայի պայմանագրի շուրջ ծավալվող հանրային դիսկուրսում։

 

 

 

Ինչպես միշտ մենք չենք փորձում առերեսվել ինքներս մեր խնդիրների ու բարդույթների հետ, խուսափում ենք պատասխանատվությունից, մեղադրում ենք բոլորին ու ամբողջ աշխարհին։ Չենք փորձում հասկանալ, որ մեր հետ պատահած անարդարությունների ու հանցագործությունների առաջնային մեղավորներն ու պատասխանատուները հենց մենք ենք, որ կանք։ Խնդիրը պետք է մեր մեջ փնտրենք։

Ո՞վ է մեղավոր Կարսի, Սուրմալուի ու Նախիջևանի կորստի համար։ Շատերը կպատասխանեն, թե Լենինն ու Խորհրդային Ռուսաստանը կամ էլ Մուստաֆա Քեմալն ու Թուրքիան։ Իբրև թե այդ ավանտյուրիստները Մոսկվայում հայկական հողերը առուծախի առարկա դարձրեցին։

Սա իսկապես քաղաքական միֆ է, որը ներսից քրքրում ու կազմաքանդում է մեր գիտակցությունը։ Կարո՞ղ ենք չէ ինքներս մեզ հարց տալ, այդ ինչո՞ւ Լենինը պետք է մտածեր Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի մասին, մի՞թե այդ առաքելության հասցեատերը հենց ինքն էր։ Կամ ինչո՞ւ Լենինն ու Խորհրդային Ռուսաստանի մյուս ղեկավարները պետք է իրենց աշխարհաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները մի կողմ դնեին ու մտածեին հայկական հողերի մասին։

 

 

 

Իսկ երբևէ մտածե՞լ ենք այն հարցի շուրջ, թե Մոսկվայի պայմանագրից առաջ ի՞նչ կարգավիճակում էր գտնվում Կարսը։ Ռազմաքաղաքական այդ խոշորագույն կենտրոնը 1920 թ․ հոկտեմբերի 30-ին առանց որևէ լուրջ դիմադրության արդեն հանձնվել էր թուրքերին` այն դեպքում, երբ կային հակառակորդին վճռական հարված հասցնելու և հաղթելու բոլոր նպաստավոր պայմանները:

Որքան էլ, որ զավեշտական չհնչի, բայց Կարսում թուրքական զորքերի դիմաց կանգնած էին այն նույն զինվորներն ու հրամանատարները, որոնք Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում կռվել էին մինչև վերջ: Այդ հաղթանակներից անցել էր ընդամենը 2 տարի, բայց ի՞նչ էր փոխվել, ի՞նչու հայերը կարողացան կռվել Սարդարապատում, բայց չկռվեցին Կարսում: Ո՞րն էր մարտունակ հորջորջվող բանակի այդ աստիճան բարոյալքման պատճառը: Պատճառները տարաբնույթ են.

Քաղաքական ղեկավարության և զինվորական հրամանատարության միջև գոյություն ունեին խորը հակասություններ, թույլ տրվեցին մի շարք մարտավարական սխալներ, բացի այդ, եթե Կարաբեքիրը անձամբ էր գլխավորում ռազմական գործողությունները, ապա Թովմաս Նազարբեկյանը այդպես էլ չբարեհաճեց դուրս գալ Երևանից, իսկ Սիլիկյանի շտաբը չգիտես ինչու Կարսից 70 կմ հեռավորության վրա էր գտնվում: Ընդհանուր առմամբ պետք չէ խորանալ մանրամասների մեջ, սրանցից ոչ մեկը վճռական ազդեցություն ունենալ չէին կարող:

 

 

 

Պատճառը ռուսական, բայց արդեն Կարմիր բանակի վերադարձն էր տարածաշրջան (մի շարք հեղինակավոր պատմագետներ ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքի վրա) և դրանից ելնելով բոլշևիկյան համապատասխան քարոզչությունը, որն ուղղակիորեն բարոյալքեց և կազմաքանդեց մի ողջ կանոնավոր բանակ:

Խնդիրն այն էր, որ ինչպես շարքային զինվորները, այնպես էլ բարձր հրամանատարությունը կարծում էին, թե կռվում են բոլշևիկա-քեմալական միասնական ուժերի դեմ: Մի մասը օգնություն էր ակնկալում ռուսներից` համոզված լինելով, թե` չի կարելի հակամարտության մեջ մտնել եղբայրական Ռուսաստանի հետ: Մյուս մասն էլ կարծում էր, թե կարելի է պայմանավորվել թուրքերի հետ:

Մի ուշագրավ տեղեկություն ևս. Գեներալ Դ. Փիրումյանը թուրքական մի զորամասի դեմ ուղարկեց գնդապետ Մազմանյանի գունդը, որը, սակայն պարտություն կրելով` անցավ խայտառակ փախուստի: Չկարողանալով կասեցնել իր զինվորների ամոթալի նահանջը՝ հուսալքված գնդապետը ինքնասպանություն գործեց:

Հիմա այս խայտառակությունից հետո մենք ո՞ւմ ենք փորձում մեղադրել։ Եթե զինվորները մինչև վերջ պայքարեին ու չհանձնեին քաղաքը, ապա նույնիսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո դժվար թե Մոսկվայում որևէ մեկը կարողանար այն հանձնել թուրքերին։ Օրինակ ինչո՞ւ Զանգեզուրը չկարողացան միացնել Ադրբեջանին։ Պարզ է չէ՞, եթե ինքնապաշտպանական ուժերն ու Գարեգին Նժդեհը մինչև վերջ չդիմադրեին, ապա երկրամասը հեշտ ու հանգիստ օտարվելու էր Հայաստանից։ Թո՛ղ Կարսում էլ մինչև վերջ կռվեին ու արգելակեին դրա օտարումը։ Ոչինչ չեն արել, չեն կռվել, փախուստի են դիմել, իսկ հիմա եկել ու մեղադրում են բոլորին ու ամբողջ աշխարհին։ Մի՞թե սա երեսպաշտություն չէ։

 

 

 

Պատմական փաստերի վերաբերյալ մեր վերաբերմունքը այս աստիճան սրված չէր լինի, եթե ժամանակին հաղթահարված լինեին դրա գաղափարական հետևանքները։ Բայց դրանք ոչ միայն չեն հաղթահարվել, այլ ընդհակառակը՝ էլ ավելի խորացել։

Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա մենք համոզված ենք, թե ինչ-որ մեկը պետք է կարգավորի մեր խնդիրներն ու հատկապես մեր փոխարեն։ Մենք նորից համոզված ենք, թե Թուրքիան մեր անխուսափելի թշնամին է, իսկ՝ Ռուսաստանը ճակատագրական դաշնակիցը։ Եվ այս ամենի համատեքստում նորից հաշվի չենք առնում այն պարզ իրողությունը, որ ռուս-թուրքական փոխհարաբերությունները պարբերաբար փոփոխվում են։ Դրանք մերթ թշնամական են, մերթ էլ բարեկամական։

Պատրա՞ստ ենք արդյո՞ք այս փոփոխություններին։ Կամ ի՞նչ ենք անելու, երբ Ռուսաստանը վեստին լքի տարածաշրջանը։ Չէ՞ որ ռուսները սիրում են մեկ գիշերվա ընթացքում վերցնել ու հեռանալ։

Փորձենք գուշակել․ 1920 թ․ տրամաբանությամբ նորից ոչինչ չենք անելու Թուրքիայի հետ պայմանավորվելու համար։ Նույնիսկ չենք էլ խուսափելու պատերազմից։ Անկարայից փորձելու են մեզ հետ կապ հաստատել, բայց մենք նորից անտեսելու ենք շփման փորձերն այդ՝ վստահ լինելով մեր ուժերի ու հատկապես երևակայական դաշնակիցների օգնության վրա։ Դե ամբողջ Մեծ Հայքն ենք պահանջելու, բայց վերջում եղածն էլ կորցնելու հեռանկարով։

 

 

 

Շարունակությունն էլ երևի թե արդեն ինքներդ էլ գիտեք։ Ինչ-որ մի օր Ռուսաստանը նորից վերադառնալու է տարածաշրջան՝ իհարկե մարգարեական փրկչի կեցվածքով։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ ռուսներն այլեւս գործարքի մեջ չեն հայտնվի Թուրքիայի հետ եւ ռազմական գործողություն չեն իրականացնի Հայաստանի տարածքում։ Անպատասխան հարցադրում. Հայկական բանակը կկռվի՞ արդյոք ռուսների կամ նրանց հետ համագործակցող թուրքերի դեմ, թե՞ նորից կբարոյալքվի ու կհանձնի հերթական Կարսը։

Հիմա այսքանից հետո ինքներդ դատեք, թե ով է մեղավոր Կարսի, Նախիջևանի, Սուրմալուի ու ընդհանրապես 1921 թ․ հայկական շահերի ոտնհարման մեջ։ Բայց մեղավորներ փնտրելը չպետք է ինքնանպատակ լինի։ Դրանում պետք է առաջնային պլան մղվի փոխվելու ու սեփական գոյությունը վերաիմաստավորելու ճիգը։

Հայաստանը չունի մշտական բարեկամներ ու թշնամիներ, Հայաստանը ունի մշտական շահեր և դրանց սպասարկման միակ երաշխավորը հենց ինքն է և՝ ոչ ուրիշը։ Սա է մեր գոյության անփոփոխ ու սեղմ կրեդոն։

 

 

Աղբյուրը ` 1in.am

Ահա առանցքային բառերը: Սա պետք է հասկանանք:»Հայաստանը չունի մշտական բարեկամներ ու թշնամիներ, Հայաստանը ունի մշտական շահեր և դրանց սպասարկման միակ երաշխավորը հենց ինքն է և՝ ոչ ուրիշը։ Սա է մեր գոյության անփոփոխ ու սեղմ կրեդոն։

Be the first to comment on "Մոսկվայի պայմանագիր․ ո՞վ է պատասխանատու Կարսի կորստի համար"

Leave a comment

Your email address will not be published.


*