Ուղեղի վնասված հատվածների աշխատանքը կարելի է ակտիվացնել էլեկտրական և օպտիկական ազդակներով։ Նոր սարքը հստակ կորոշի դրանց չափաբաժինը։

Հայ բժշկի նոու-հաուն կարող է վերակենդանացնել ուղեղը կաթվածի դեպքում

 

Ուղեղի վնասված հատվածների աշխատանքը կարելի է ակտիվացնել էլեկտրական և օպտիկական ազդակներով։ Նոր սարքը հստակ կորոշի դրանց չափաբաժինը։

Օսկար Պիտերսոնը գիտեր և հիշում էր ջազային հարմոնիաների ու մեղեդիների անհամար համադրությունները։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ձախ ձեռքը դադարեց ենթարկվել, նրա երաժշտությունը չենթարկվեց հիվանդությանը։ Եվ նա նորից ու նորից բեմ բարձրացավ, որովհետև միայն իր համար չէր նվագում։

 

 

Կաթվածով հիվանդ մարդկանց ներաշխարհը չի ուզում մեռնել։ Նրանք պիտի ապրեն ու ստեղծագործեն, յուրաքանչյուրը` յուրովի։ Այդ նպատակին է ձգտում բժիշկ ասպիրանտ Սենիկ Մատինյանը։ Նա գիտնականների խմբի հետ ստեղծել է սարքի նախագիծ, որը կօգնի օրգանիզմին գլխուղեղի նոր նեյրոններ ստեղծել մահացածների փոխարեն։ Նա օգնում է իր գիտական ղեկավարին՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Կոնստանտին Ենկոյանին և գերմանացի գործընկերներին։

Ի՞նչ են նեյրոնները։ Դրանք միլիարդավոր «թելիկներ» են, որոնցից կազմված է մարդու գլխուղեղը։ Կաթվածի դեպքում այստեղ արյան շրջանառությունը լրջորեն խախտվում է։ Դրա հետևանքով մահանում է նեյրոնների մի մասը, որոնք պատասխանու են այն ամենի համար, ինչ գիտենք և հիշում ենք։ Ամբողջ աշխարհում ինֆարկտները և կաթվածներն առաջատար տեղեր են զբաղեցնում հաշմանդամության վիճակագրությունում։

 

Համարվում է, որ նեյրոնները չեն վերականգնվում։ Մեր ուղեղի հատվածներից մեկում (հիպոթալամուսի հարփորոքային կորիզ) կա «վթարային օգնության» բաժին։ Ուղեղի ախտահարման դեպքում այստեղ ակտիվանում են ցողունային բջիջները, որոնք սկիզբ են տալիս նոր նեյրոններին։ Դրանք պետք է ուղարկվեն «աղետի գոտի» և գլխուղեղում վերականգնեն կորսված «թելիկները»։ Բայց ինչ-որ պատճառներով, որոնք դեռ հայտնի չեն, նոր նեյրոնները 7-14 օրվա ընթացքում նույնպես մահանում են՝ չհասնելով նշանակման վայր։

Եվ ի՞նչ է անում հայ և գերմանացի նյարդաբանների հորինած սարքը։

Աշխարհում արդեն փորձում են պահպանել ուղեղի և նեյրոնների ակտիվությունը թերապևտիկ ազդակների օգնությամբ՝ էլեկտրական և օպտիկական (օպտոգենետիկ)։ Բայց հիմա մեկ այլ խնդիր է դրվում․ ուղարկել այդ ազդակները ոչ թե «ուր ասես», այլ ըստ օրգանիզմի պահանջմունքի։ Ահա այդ պահանջմունքներն էլ կարող է պարզել նոր սարքը։

«Մենք օրգանիզմի վիճակը կբաժանենք առանձին փուլերի օրգանիզմի էլեկտրաֆիզիոլոգիական տվյալների հիման վրա։ Հետո կպարզենք, թե որ փուլի ժամանակ որ ազդակներն են տալիս լավագույն թերապևտիկ ազդեցությունը։ Այսինքն, երբ և ինչպես են պրոգենիտորիային ցողունային բջիջներն ավելի լավ բաժանվում, սկիզբ տալիս նեյրոններին և հասնում ուղեղի վնասված հատվածներին։ Իսկ հետո մեր սարքն ավտոմատ կերպով կորոշի, թե որ փուլում է գտնվում օրգանիզմը և կուղարկի ամենահարմար ազդակները», — բացատրում է Մատինյանը։

Դրա համար պետք է հավաքել և վերլուծել տվյալների մեծ բազան։ Վերլուծության արդյունքում պետք է պատասխանել կարևոր հարցի՝ սարքը ինվազի՞վ է լինելու, այսինքն ներակրվելո՞ւ է օրգանիզմ։

 

Նման սարքեր արդեն կան։ Դրանցից մի քանիսն ազդակներ են ուղարկում անմիջապես ողնուղեղին և օգնում են վերականգնել շարժողական ակտիվությունը։ Կան սարքեր, որոնք ազդակներ են ուղարկում ուղեղին։ Դրա խորքային շերտերում (բազալ գանգլիաներում) տեղադրում են հատուկ էլեկտրոդներ: Դրանք օգտագործվում են Պարկինսոնի հիվանդության և նման հիվանդությունների դեպքում ու հստակ դրական արդյունք են տալիս:

«Եթե հետազոտությունները ցույց տան, որ ինվազիվ կոմպոնենտը պարտադիր է կաթվածի փուլերը հստակ հասկանալու և ստիմուլյացիան ճիշտ թիրախին հասցնելու համար, միգուցե ունենանք նաև ինվազիվ մասը: Իհարկե, սա կերկարացնի սարքի ներդրումը, բայց եթե դա կտա ավելի լավ արդյունքներ, պիտի գնանք այդ ճանապարհով», — ասում է Մատինյանը։

Գլխավորն այն է, որ ստիմուլյացիան կետային լինի։ Այլապես, եթե ազդակները ցրված գնան, դրանք կընկնեն նաև ուղեղի առողջ հատվածների վրա։ Եվ դա կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել։

 

Առայժմ գիտնականներն ունեն սարքի նախագիծը և դրա առանձին բաղադրիչները։ Արդեն փորձարկել են լաբորատորային կենդանիների վրա։ Կազմվել են ալգորիթմներ, որոնք կվերլուծեն օրգանիզմի վիճակը և կառանձնացնեն դրա էլեկտրաֆիզիոլոգիական փուլերը։ Այժմ պետք է միասին հավաքել այդ ամենը։ Առջևում երկարատև փորձարկումներն են։

Այս աշխատանքին մասնակցում են դոկտոր Ենկոյանը, նրա աշակերտ Մատինյանը (ներկայացնում է Երևանի պետական բժշկական համալսարանը) և նրանց գործընկերները CAESAR եվրոպական հետազոտական կենտրոնից, որը գտնվում է Բոննում։ Դրա տնօրենը՝ նորզելանդացի գիտնական Ջեյսոն Քերը, օգնում է լուծել կարևոր հարց․ ինչպես հետևել ուղեղի վիճակին օրգանիզմում նվազագույն միջամտությամբ։ Դրա համար գիտնականները փորձարկում են երկֆոտոնային մանրադիտակները։ Հայաստանում արդեն կա նմանը (CANDLE հետազոտական կենտրոնում)։ Գիտափորձերի հարցում օգնում են գործընկերները ոչ միայն Գերմանիայից, այլ նաև ԱՄՆ-ից։ Այստեղ օգնության է եկել Իրվայնի համալսարանի պրոֆեսոր Վարդգես Աբգարյանը, որը երկար տարիներ հետազոտում է մագնիսառեզոնանսային շերտագրությունը։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Be the first to comment on "Ուղեղի վնասված հատվածների աշխատանքը կարելի է ակտիվացնել էլեկտրական և օպտիկական ազդակներով։ Նոր սարքը հստակ կորոշի դրանց չափաբաժինը։"

Leave a comment

Your email address will not be published.


*