Հայաստանը ռուս սպայի սրտում. փոխադարձ սիրո և հավատարմության պատմություն

2018 թվականը փորձությունների տարի էր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար: Բացառություն չէին նաև հայ-ռուսական հարաբերությունները: Ադրբեջանի կողմից Ռուսաստանից ծանր զինատեսակների գնման մասին տեղեկությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի խնդիրը, ողբերգական դեպք ք. Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականի մասնակցությամբ, գազի սակագնի թանկացումը: Այս և մի շարք այլ թեմաներ էականորեն մթագնել են երկու երկրների միջև հարաբերությունները: Եվ մինչ փորձագետները և քաղաքական գործիչները դեմքի անտարբեր արտահայտությամբ մեկնաբանում են երկու երկրների միջև հարաբերությունների խնդիրները, հարաբերություններից ստացած շահերն ու առավելությունները, այդ երկրների տարածքում բնակվող մարդիկ իրենց սեփական օրինակով ապացուցում են, որ առօրյա մարդկային հարաբերություններն ավելի բարձր են քաղաքական խաղերից և ինտրիգներից:

 

 

 

 

Նման՝ հայ և ռուս հասարակությունների ընդհանուր պատմության, համատեղ ողբերգությունների և համատեղ ուրախությունների մասին չմոռացող մարդկանցից է մեր պատմության հերոսը՝ սպա, բանաստեղծ, Արցախյան պատերազմի մասին գրքերի հեղինակ Վիկտոր Ալեքսանդրովը: Մարդ, ով փորձում է աշխարհին հասցնել տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած Արցախյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը, հայ ժողովրդի՝ սեփական հողում ապրելու և արարելու, սեփական կրոնը դավանելու, դարերից եկած սեփական ժողովրդի արժեքների համաձայն ապրելու իրավունքի համար մղած պատերազմի մասին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

2018 թվականի դեկտեմբերի 2-ին ք. Գյումրիում տեղի ունեցածողբերգությունից հետո, երբ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից «Սլաբոդկա» կոչվող թաղամասում դաժան ծեծի է ենթարկվել 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը, ով ստացած վնասվածքներից մահացել է, Ալեքսանդրովը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում ցավակցություն է հայտնել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և հիշեցրել Հայաստանի տարածքում տեղի ունեցած նախորդ ողբերգությունների մասին, մասնավորապես, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, երբ սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները, այդ թվում նաև 2-ամյա Հասմիկ Ավետիսյանն ու դաժանորեն դանակահարված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը:

28472289_1943065165765778_608241254652624732_n«Մեր երկու պայմանագրայինները շուկայում մարդկանց են գնդակահարում, հայ երեխաները պայթում են մեր ականների վրա, մի քանի ամիս ծառայած մեր զինվորը սպանում է մի ամբողջ ընտանիքի: Եվ դա դաշնակցի տարածքում մեր զինվորականների վայրագությունների ողջ ամբողջական ցուցակն է: Եվ մինչև հիմա ոչ մի կազմակերպչական եզրակացություն չի արվել: ՌԴ հարգելի՛ պաշտոնյաներ: Հայաստանը մեր ցնդածների համար պոլիգոն չէ: Մենք այնտեղ հյուրեր ենք, բայց հյուրերն իրենց այդպես չեն պահում: Դադարե՛ք տանջել հայ ժողովրդին: Հայերը, երևի թե, մեր միակ և հավատարիմ դաշնակիցներն են: Ես սպա եմ, ուսադիրներս չեմ հանում արդեն 22 տարի, բայց ես ամաչում եմ իմ կոչումի համար, երբ նման լուրեր եմ տեսնում: Մենք այնտեղ պետք է պաշտպանենք մեր եղբայրական հայ ժողովրդին, այլ ոչ թե սպանենք նրան»,- այն ժամանակ իր հրապարակման մեջ գրել էր Ալեքսանդրովը:

 

 

 

 

Իր այդ գրառումը, մանավանդ ռուսական կողմի որևէ հստակ հայտարարությունների բացակայության պայմաններում, մեծ արձագանք է գտել հայ հասարակության շրջանում, և սոցիալական ցանցի հազարավոր մարդիկ շնորհակալություն հայտնեցին տղամարդու կողմից արված այդ անկեղծ հրապարակման համար:

«ԳԱԼԱ» հետուստաընկերությունը զրուցել է Վիկտոր Ալեքսանդրովի հետ՝ փորձելով հասկանալ՝ ինչով է պայմանավորված նրա սերը Հայաստանի և Արցախի հանդեպ, և ինչն է նրան մոտիվացնում գրել այն բոլոր գեղեցիկ բառերը (չնայած ադրբեջանցի ակտիվիստների համառ, մշտական ջանքերին՝ ուղղված սոցիալական ցանցերում իր էջերը փակելուն), որոնք նա նվիրում է մեր պետություններին և հայ ժողովրդին:

«Ի՞նչ է ինձ համար Հայաստանը: Ես ամուսնացած եմ արցախցի հայուհու հետ, և մենք երկու հիանալի դուստր ունենք: Եվ սա այն հողն է, որը ես ամբողջ սրտովս սիրում եմ: Հայ ժողովուրդը տվել է ինձ այն, ինչ փնտրում է ցանկացած տղամարդ՝ սիրելի կնոջն ու հրաշալի դուստրերին: Հայաստանն այն հողն է, որի համար ես պատրաստ եմ կյանքս զոհաբերել: Ստեփանակերտում իմ հարազատների գերեզմաններն են, և այնտեղ բնակվում է մայրս՝ կնոջս մայրը: Ես չեմ դավաճանի և մինչև վերջին շունչս լինելու եմ Հայաստանի հետ»,- պատմել է մեզ Վ. Ալեքսանդրովը:

Քննարկելով ներկա իրավիճակը հայ-ռուսական հարաբերությունների հարցում, ինչպես նաև հասունացած խնդիրները, Վ. Ալեքսանդրովը, մասնավորապես, նշել է, որ առանցքային խնդիրներից մեկը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինատեսակների վաճառքն է:

«Հայ-ռուսական հարաբերությունները մի կողմի անսահման հավատն է, և մյուս կողմի մշտական դավաճանությունը: Մենք զենք ենք վաճառում Հայաստանի թշնամիներին՝ չհասկանալով, որ վաղն այն կարող է մեզ վրա կրակել: Մենք խոսում ենք ընկերության և եղբայրական կապերի մասին, բայց անվանում ենք հայերին «խաչիկներ», թեև անգամ չգիտենք՝ ինչ է նշանակում այդ բառը: Դեռևս քրեական պատասխանատվություն չենք սահմանել Հայոց ցեղասպանության արդարացման համար, և դա ուղղակի խայտառակութուն է»,- խնդիրների հանդեպ իր վերաբերմունքն է արտահայտել մեր զրուցակիցը:

 

 

 

Այն հարցին, թե որքանով են արդարացված ադրբեջանական կողմի՝ Ադրբեջանին «գրավված» տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին պնդումները, Վ. Ալեքսանդրովն ընդգծեց, որ արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում անգամ չի կարող խոսք գնալ «գրավված» տարածքները վերադաձնելու մասին:

«Հայերը ոչինչ չեն գրավել: Հողի ամեն մի մետրն այնտեղ հայ տղաների արյունով է հեղված, և վերադարձնել դրանք կնշանակի դավաճանել նրանց հիշատակին»,- նշեց Ալեքսանդրովը:

Զրույցը՝ Նինա Մարգարյանի

 

 

Աղբյուրը ` galatv.am

Be the first to comment on "Հայաստանը ռուս սպայի սրտում. փոխադարձ սիրո և հավատարմության պատմություն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ