Սակայն այս հարցում Նիկոլի սայթաքելուն կամ սխալվելուն սպասող մարդկանց ուզում եմ ասել․․․ Նորայր Նորիկյան

Արցախի հարցում ստեղծված կրախի հիմնական պատճառն այն քաղաքական ռեժիմների և դրանց առաջնորդների գործունեության արդյունքն է, ովքեր տարիներ շարունակ խարխլեցին մեր ժողովրդի ու պետության քաղաքական ու բարոյական ներուժը,

ովքեր հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով մսխեցին Արցախի հարցում ձեռքբերված բոլոր հաջողությունները՝ այսօր Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին կանգնեցնելով համանախագահող երկրների ՛՛Ռացիոնալ ու հավասարակշռված՛՛ առաջարկների պատերի տակ:

 

 

 

 

Չմեղանչենք ճշմարտության դեմ. Արցախի հարցում ստեղծված իրավիճակի համար մեղադրել Նիկոլ Փաշինյանին, նույն է, թե հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որևէ առնչություն չեն ունեցել Արցախի հետ:


Երբ 2018թ. դեկտեմբեր ամսին Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտ հայտարարեց, որ ինքն ու Վլադիմիր Պուտինը միասնական դիրքորոշմամբ Սերժ Սարգսյանից պահանջել են Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան, արդեն ակնհայտ էր, որ Ալիևից բացի, այդ տարածքները հայկական կողմից պահանջում նաև այլ պետություններ, ընդորում՝ դաշնակից պետություններ: 


Նույն կարծիքը, փաստորեն, կիսում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան:
…Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերի առաջ: Անկախության Հայաստանի պատմությունը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ որևէ իշխանություն չի կարող միայնակ լուծել այս խնդիրը:

 

 

 

 


Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ունենալ պատմությունից դասեր քաղելու ողջամտություն, ապագային նայելու, պատմության և սերունդների առջև պատասխանատվություն ունենալու շրջահայացություն, ժողովրդի հետ ազնիվ լինելու կարողություն, ամբողջ ժողովրդին կոնսոլիդացնելու ջանք ու եռանդ, խնդիրը կարգավորելու քաղաքական խիզախություն և միջազգային հանրությանը համարժեք պատասխանելու պատրաստվածություն:

 

 

 

 


Այս համատեքստում ամբողջությամբ համաձայն եմ Նիկոլի տեսակետի հետ: Լուծել Արցախի խնդիրն առանց արցախցիների, անհնար է: 


Իմ կարծիքով սա պետք է լինի ամենակարևորագույն ուղերձը միջազգային հանրությանը, որ խնդրի լուծմանը պետք է մասնակից դառնա այդ խնդիրն ամեն օր իր վրա զգացող սուբյեկտը:
Արցախն ամբողջությամբ պետք է ներգրավվի բանակցային գործընթացին՝ որոշելու մեր ժողովրդի և մեր ընդհանուր հայրենիքի ճակատագիրը:


Միայն խելագարը կցանկանա, որ պատերազմ լինի: Բա՞յց…
Եթե կա անգամ չնչին հնարավորություն՝ հարցը խաղաղությամբ լուծելու, ուրեմն պետք է օգտագործել այդ հնարավորությունը:

 

 

 

 


Նիկոլի հետ կարող ենք վիճել տարբեր հարցերի շուրջ և համաձայն չլինել նրա հետ, սակայն այս հարցում Նիկոլի սայթաքելուն կամ սխալվելուն սպասող մարդկանց ուզում եմ ասել, որ չկա ավելի մեծագույն դավաճանություն, քան սրտատրոփ սպասել, որ այս հարցում նա տապալվի…


Այլևս երբեք մենք բոլորս պարտավոր ենք այս հարցում չսխալվել ու վրիպումներ թույլ չտալ…
Հ.Գ. Հույս ունեմ, որ մեր զինված ուժերը ցանկացած պահի պատրաստ են կատարել իրենց առջև դրված թիվ մեկ խնդիրը: Սա մեր վերջին հայրենիքն է…

 

 

 

 

Be the first to comment on "Սակայն այս հարցում Նիկոլի սայթաքելուն կամ սխալվելուն սպասող մարդկանց ուզում եմ ասել․․․ Նորայր Նորիկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*