Հրաժարում Մադրիդյան սկզբունքներից. Հայաստանը հայտարարում է նոր իրավիճակի ու շրջափուլի մասին

Հայաստանի կառավարությունն ընդունու՞մ է Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած երեք կետերն ու վեց տարրերը, որպես բանակցության հիմք: Այդ հարցը Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան աննախադեպ նիստում իր ելույթում հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր բարձրաձայնած հարցին փաստացի պատասխանել է հարցով՝ իսկ ի՞նչ են նշանակում այդ սկզբունքները եւ ու՞մն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ունի իր մեկնաբանությունը, որը մերժելի է հայկական կողմի համար: Ըստ նրա, հայկական կողմն էլ իր մեկնաբանությունն ունի, բայց դա չի անում, քանի որ ունի ոչ թե լեզվակռվի, այլ առարկայական խոսակցության նպատակ: Փաշինյանն ըստ այդմ հայտարարում է, որ առաջիկա բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի երեք կետերի եւ վեց տարրերի հստակեցումը, որպեսզի դրանք չտան որեւէ տարընթերցման եւ տարբեր մեկնաբանության տեղիք:

 

 

 

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայկական կողմը հրաժարվում է մադրիդյան այն սկզբունքներից, որ ներկայում համարվում է բանակցության հիմք եւ որոնք ընդունվել են այդպիսին 2007 թվականին, այդ թվում ընդունել է Հայաստանի այն ժամանակի իշխանությունը:

Հայաստանի նոր իշխանությունը փաստորեն հայտարարում է, որ դրանք չի դիտարկում բանակցության հիմք, եւ պատրաստակամություն է հայտնում ներկայում բանակցել նոր հիմնարար սկզբունքների շուրջ, ավելի հստակ, աներկբա, տարբեր մեկնաբանությունների առիթ չտվող:

Երեւանը, Արցախի բանակցային կողմ լինելու դիրքորոշմանը զուգահեռ՝ որ Հայաստանի վարչապետը վերհաստատել եւ փաստարկել է իր նույն ելույթում, փաստորեն առաջ է քաշում նոր բանակցային սկզբունքների հարցը, այդպիսով «մադրիդյան սկզբունքները» ազդարարելով սպառված եւ առնվազն այս տեսքով հայկական շահերին ու անվտանգությանը, միաժամանակ նաեւ խաղաղության շուրջ բանակցության անհրաժեշտությանն ու տրամաբանությանը չհամապատասխանող:

Ընդ որում, այստեղ փաստարկները լոկ Հայաստանի վարչապետի ելույթում չեն, այլ դեռեւս երեք տարի առաջ եղած իրավիճակում, որը այդ սկզբունքների «հիմքով» հանգեցրել է նոր պատերազմի: Առերեւույթ թվում է, թե Երեւանը հրաժարվելով այդ սկզբունքների շուրջ բանակցությունից, գործնականում ստեղծում է պատային վիճակ, ըստ այդմ խթանում պատերազմ: Իրականում, հաշվի առնելով նաեւ հենց նախորդ՝ ապրիլյան ցավալի ու ողբերգական գագաթնակետով փորձը,  Երեւանը ուղղակի հայտարարում է, որ չի գնա նոր պատերազմի տանող արդեն տրորված ճանապարհով:

 

 

 

Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստում Երեւանը փաստացի հայտարարում է արցախյան հարցի նոր շրջափուլի մասին, ինչը հաջորդում է Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությանը: Այդ առիթով Մինսկի խումբը պարտավորեցրել է Երեւանին. նոր արբիտրաժ հոդվածում մեկնաբանել էի, որ Մինսկի խմբի հայտարարությունը գործնականում արձանագրում է մինչ այժմ եղած բանակցային բովանդակությունն ու կարգավորման գործընթացի իրողությունները, տողատակում ակնարկելով, որ կողմերից յուրաքանչյուրն ինքն է իր քաղաքականության, պետական ռազմավարության ու մարտավարության շրջանակում որոշում, թե ինչ օրակարգով եւ նպատակադրումներով պետք է լինի այդ գործընթացի մասնակից:

Բաքվի խնդիրն այդ առումով նկատելի է եւ տարիների շարքում պարզ: Ադրբեջանը փորձում է եղած բովանդակությունը համադրել իր ռազմավարությանն ու իրական քաղաքականությանը: Դա ստացվեց նախորդ փուլում, մինչեւ 2016-ի ապրիլ: Ֆալստարտը՝ որի մասին հնարավոր է խոսել որոշակի հանգամանքներից ելնելով, ու հայկական բանակի դիմադրությունը բերեցին Բաքվի քաղաքական ֆիասկոյին: Հայաստանը սակայն չկարողացավ լիարժեք օգտվել դրանից, լեգիտիմ իշխանության եւ ինքնիշխանության անհրաժեշտ ներուժի բացակայության պատճառով:

Մինչդեռ, ադրբեջանական ֆալստարտը, եւ գլխավորապես հայկական բանակի դիմադրությունը Հայաստանին էր տվել բովանդակային խութերից դուրս գալու անհրաժեշտությունը սպասարկելու հնարավորություն:

 

 

 

Գործնականում, Մինսկի խմբի հայտարարությունը տողատակում այդ թեմայով խոսակցության փորձ էր Հայաստանի հետ, երկխոսության առաջարկ, որին էլ Երեւանը արձագանքեց իր առաջարկներով, Ստեփանակերտում Հայաստան-Արցախ ձեւաչափով վարելով երկխոսությունը համանախագահների հետ եւ գծելով այն օրակարգը, որի շուրջ Երեւանը պատրաստվում է աշխատել Մինսկի խմբի համանախագահ կենտրոնների, նաեւ Արցախի հարցում այլ շահառու կենտրոնների հետ: Եթե Բաքուն պատրաստ է՝ նաեւ Բաքվի հետ: Ընդ որում, ինչպես Արցախի նախագահ Բակո Սահակյանն էր հայտարարել, խոսքը համազգային օրակարգի մասին է, կամ այլ կերպ ասած՝ վարչապետի ելույթում ազդարարված օրակարգի սպասարկմանը ներգրավվում է համահայկական ռեսուրսը:

Դա փաստացի նոր իրավիճակի մասին հայտարարություն է, որն անշուշտ անհրաժեշտ է դարձնում պատրաստ լինել ամենատարբեր արձագանքների, դրանցից բխող ամենատարբեր սցենարների: Միեւնույն ժամանակ, ամենեւին այնպես չէ, որ այդ հայտարարությունները չլինելու դեպքում սցենարային ամենատարբեր ռիսկերը եւս չկային: Ավելին, ներկայումս բարձրաձայնվող օրակարգն ունի եղած ռիսկերը չեզոքացնելու եւ քաղաքական ճանապարհով կանխարգելելու շոշափելի ներուժ, որն օգտագործելուն հետեւողական ձեռնամուխ է եղել հայկական կողմը:

 

 

 

Աղբյուրը ` lragir.am

Be the first to comment on "Հրաժարում Մադրիդյան սկզբունքներից. Հայաստանը հայտարարում է նոր իրավիճակի ու շրջափուլի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*