«Մենք, ի՞նչ է, գաղո՞ւթ ենք, որ մեր ճակատագիրը մեր փոխարեն որոշեն․ Արցախը պիտի մասնակցի բոլոր գործընթացներին»

 

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին հակամարտության բուն սուբյեկտի՝ Արցախի իշխանությունների մասնակցությունը ամենասկզբունքային և առաջնահերթ հարցերից է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան օրակարգում։ Վարչապետը բանակցություններում Արցախի սուբյեկտայնության բարձրացման անհրաժեշտության մասին վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում խոսել է ամենաբարձր ամբիոններից՝ եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, Գերմանիայի կանցլերի հետ հանդիպմանը, Իրանում, մի քանի օր առաջ էլ նաև Եվրոպական խորհրդարանում։ Փաշինյանն ընդգծել է, որ քանի դեռ բանակցությունների ձևաչափի հարցը չի համաձայնեցվել, Ադրբեջանի հետ շփումները չեն կարող պաշտոնական բանակցություն համարվել։ Եվրախորհրդարանում էլ, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրել է, որ միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, և դա ամրագրվել է 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ: Բաքուն, սակայն, ամեն կերպ ընդդիմանում է այս մոտեցմանը՝ պաշտոնական Երևանի այս դիրքորոշումը որակելով իբրև «բանակցությունները տապալելու փորձ»։

 

 

 

Այս օրերին հնչեց նաև մեկ այլ ուշագրավ հայտարարություն՝ Եվրոպական միության ներկայացուցչի կողմից։ ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Բրյուսելում՝ Ն․ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին, կարծիք է հայտնել, թե պետք է պահպանել բանակցությունների ֆորմատը, նոր բան չստեղծել։ Բայց պարզ չէ՝ հանձնակատարը նկատի ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների թիվը կամ կա՞զմը չպիտի փոխվի, թե՞ Լեռնային Ղարաբաղը չպիտի միանա բանակցություններին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, ինչո՞վ է պայմանավորված Յոհաննես Հանի այս հայտարարությունը և ինչո՞ւ չպիտի փոխվի բանակցային ձևաչափը։

– Իհարկե պետք է պահպանել ձևաչափը, որովհետև ձևաչափի փոփոխությունը որևէ դրական արդյունքի չի կարող բերել։ Այս ձևաչափը նաև աշխարհաքաղաքական հավասարակշռության, կոմպրոմիսի մի դրսևորում է, և ցանկացած փոփոխություն հղի է անկանխատեսելի հետևանքներով, եթե խոսքը վերաբերում համանախագահներին։ Իսկ ձևաչափում միայն մեկ փոփոխություն պետք է կատարել։ Ավելի ճիշտ՝ ոչ թե փոփոխություն, այլ շտկում, այսինքն՝ պաշտոնական Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Այսպես մենք պետք է դիտարկենք ձևաչափի փոփոխությունը։

– Հենց դա է հարցը՝ Հանը նկատի ունի, որ Ռուսաստանից, Ֆրանսիայից ու Միացյալ Նահանգներից բացի՝ մեկ այլ երկիր չպետք է լինի համանախագահ, թե՞ Ղարաբաղը չպիտի միանա բանակցություններին։ Եթե չպիտի փոխվի՝ մտածում են, որ Լեռնային Ղարաբաղը չպիտի՞ մասնակցի իր ճակատագրի որոշման գործընթացին։

– Ես չգիտեմ՝ ինքը դա նկատի ուներ, թե ոչ, բայց մեր մոտեցումը հետևյալն է, որ պետք է վերականգնվի 1994 թվականին Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ ամրագրված եռակողմ ձևաչափը։

– Դուք գիտեք, որ բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտայնության բարձրացման հարցը ընդգծված առաջնահերթություններից է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ, բայց Բաքուն պատասխանում է, թե դա «բանակցությունները նպատակաուղղված փակուղի մտցնելու և տապալելու փորձ է»։ Հիմա էլ Ալիևն է խոսել այս հարցի մասին՝ հայտարարելով, թե Երևանը «սուբստանտիվ բանակցություններ» վարելու լուրջ ցանկություն չի ցուցադրում և փորձում է ամեն կերպ խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Իսկ Ադրբեջանը, իր խոսքերով, «հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման մեջ ամենաշատը շահագրգռված կողմն է»։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։

– Դուք գիտեք, որ մենք ողջունել ենք Հայաստանի նոր իշխանությունների այդ մոտեցումը, որ պետք է վերականգնվի ձևաչափը։ Դա շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ ասել ենք, որ դա բարդ խնդիր է, աշխատատար, ժամանակատար, և Ադրբեջանն ըստ ամենայնի խոչընդոտելու է այդ գործընթացին։ Եվ տեսնում ենք, որ այդպես էլ կա, որովհետև դա Ադրբեջանն է, և նա ամեն ինչ անելու է՝ խոչընդոտներ ստեղծելու այս ճանապարհին։ Բայց այլ տարբերակ չկա։ Ինչ վերաբերում է «սուբստանտիվ բանակցություններին»՝ ապա ի՞նչ պիտի լինի այդ բանակցությունների էությունը։ Բանակցությունների էությունն ու նպատակը պետք է լինի Ադրբեջան-Ղարաբաղ, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ Այլ տարբերակ՝ հանձնել Արցախը Ադրբեջանին, վերադարձ մինչև 1988 թ․ եղած իրավիճակին, անհնար է։ Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը շահագրգռված է կարգավորման մեջ։ Եթե շահագրգռված չէ, ինչը փաստ է, բանակցությունները պետք է վարվեն միայն տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ։ Այլ տարբերակ պարզապես չկա։

– Փաշինյանը ոչ վաղ անցյալում նաև հստակեցրել էր, որ այսպես կոչված՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող նույնիսկ քննարկվել մեր կողմից։ Իմ տպավորությամբ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» նշանակում է, որ հայկական կողմը պիտի տարածքներ տա, Ադրբեջանն էլ խոստանա, որ կհրաժարվի պատերազմից, հարձակվելու մտադրությունից, ինչը, բնականաբար, չի կարող ընդունելի լիներ մեզ համար։ Բայց որոշ ռուս փորձագետներ Փաշինյանի այս հայտարարությունը որակում են իբրև աննախադեպ, սենսացիոն մի երևույթ, որն «արմատապես փոխում է բանակցությունների՝ վերջին 20 տարիների ընթացքում ձևավորված փոխդասավորությունը»։ Երբ Փաշինյանը սրա մասին խոսեց, նաև հայտարարեց, որ մենք չենք խոսի փոխզիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանը նման պատրաստակամություն չի ցուցաբերել, Բաքուն պատասխանեց, թե հայկական կողմը հրաժարվում է բանակցություններից։ Երբ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղը պիտի միանա բանակցություններին՝ Բաքուն պատասխանում է, թե «փորձում եք տապալել բանակցությունները»։ Ո՞րն է նման պատասխանների տրամաբանությունը։

 

 

 

 

— Գիտեք, Ադրբեջանի քայլերում առողջ տրամաբանություն չկա, իզուր մի փնտրեք, որովհետև իրենք այլ մոտեցման տեր երկիր են։ Դուք կարո՞ղ եք տրամաբանություն գտնել ահաբեկչի կամ հանցագործի մոտ։ Ոչ։ Նա պարզապես շարունակում է ապակառուցողական, հայատյաց գիծը։ Հետևաբար որտեղ կա ատելություն՝ չկա տրամաբանություն։

Ինչ վերաբերում է ռուս փորձագետների հայտնած տեսակետին՝ ապա ոչ միայն ռուս, այլև արևմտյան փորձագետներ մտածում են, որ կարելի է տարածքներ տալ խաղաղության դիմաց։ Բայց, գիտեք, եթե ինչ-որ քայլ կատարվում է՝ դա պիտի լինի համարժեք։

Մենք չենք կարող տարածք տալ՝ խոստման դիմաց։ Խոստման դիմաց միայն խոստում են տալիս։ Իսկ եթե խոսքը սահմանների մասին է՝ մենք բազմիցս ասել ենք՝ մենք չունենք տարածքների խնդիր, մենք ունենք սահմանների հարց։ Սա շատ ավելի լայն կատեգորիա է։ Սրա մեջ մտնում է նաև հյուսիսային Արցախի հարցը, որը նույնպես Արցախի Հանրապետության հիմնադիր օղակներից է։ Երբ հարսանիքներին կամ տարբեր այլ խնջույքների ժամանակ Գետաշենի մասին երգ են ասում, դրանո՞վ է միայն Գետաշենի կարևորությունը մեզ համար արժևորվում։ Չէ՞ որ Գետաշենը, Շահումյանի շրջանը, հյուսիսային Արցախը նույնպես մասնակցել են Արցախի Հանրապետության ստեղծմանը։ Վերջապես Ստեփանակերտն իրավունք ունի բարձրաձայնելու նաև Նախիջևանի խնդրի մասին, որովհետև Նախիջևանը և նախկին ԼՂԻՄ-ը եղել են նույն Ադրբեջանական ԽՍՀ կազմում՝ բռնակցված։ Եթե խոսում ենք սահմանների մասին՝ եկեք այս ձևաչափով խոսենք, այլ ոչ թե միայն դիտարկենք Ադրբեջանի նկրտումների ներքո։

– Ճի՞շտ է արդյոք ասել, որ Մադրիդյան սկզբունքների հիմքում «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևն է, որովհետև Հայաստանի ղեկավարությունը, արտգործնախարարը միշտ այդ տրամաբանությամբ են խոսել հիմնախնդրի կարգավորման մասին։ Այսինքն՝ եթե մենք տարածքային զիջումներ ենք անում՝ դրա դիմաց պիտի ճանաչվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ոչ թե վերացական խոստումներ տան մեզ խաղաղության մասին։

– Այդ սկզբունքները լիարժեք փաստաթուղթ չեն կամ այլ խոսքերով՝ պարտադրող ուժ չունեն։ Սա տարբեր մոտեցումների մի ամփոփագիր է։ Այսինքն՝ Ադրբեջանն իր մոտեցումներն է այնտեղ ներկայացնում, հայկական կողմը՝ իր մոտեցումները, բայց չկա վերջնական պայմանավորվածություն, մանավանդ որ Արցախն առհասարակ այդ սկզբունքներին իրավական առումով ծանոթ չէ։ Չպետք է խոսենք տեղեկատվական հարթության մեջ՝ մեզ պատմել են, մենք գիտենք, որ կարող է այսպես լինել կամ այնպես լինել։ Իրավական տեսակետից մենք մասնակից չենք եղել այդ սկզբունքների մշակմանը, քննարկմանը՝ ինչպես եղել է 90-ականներին քննարկված որոշ տարբերակների պարագայում, օրինակ՝ «Ընդհանուր պետության» առաջարկը, որն Ադրբեջանը տապալեց, այլ բանաձևեր։ Իսկ այս նախագծի քննարկմանը մենք առհասարակ մասնակից չենք եղել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Սա ընդունվել է պարզապես որպես բանակցությունների հիմք։ Ի՞նչ եք ուզում՝ Ադրբեջանն ասի՝ «մենք ճանաչում ենք Արցախը»։

 

 

 

Իհարկե, ասելու է՝ «չեմ ճանաչում, հողերը տվեք»։ Մենք էլ ասելու ենք՝ «համաձայն չենք նման մոտեցմանը, ճանաչեք մեր անկախությունը, հետո կքննարկենք մյուս հարցերը»։ Սա է խնդիրը։

– Այսինքն՝ Դուք ասում եք, որ Մադրիդյան սկզբունքները լեգիտիմ չեն, քանի որ Արցախը չի մասնակցել դրանց մշակմանն ու ընդունմանը, հետևաբար դրանք պետք է վերանայվե՞ն։

– Պետք է վերանայվի մոտեցումը։ Եթե մենք մասնակից չենք՝ ինչպե՞ս են մեր ճակատագիրը որոշում։ Մենք ի՞նչ է, գաղո՞ւթ ենք, որ մեր ճակատագիրը մեր փոխարեն որոշեն։ Ո՞վ պիտի որոշի։ Չի կարող նման բան լինել, մանավանդ որ, ինչպես արդեն նշվեց վերևում, որ 1994 թվականին Բուդապեշտում գումարված ԵԱՀԿ հիմնադիր գագաթնաժողովի ժամանակ այդ ձևաչափն ամրագրվեց, որ հակամարտությունն ունի երեք կողմ։ Եվ դա ընդունվեց կոնսենսուսի հիման վրա՝ բոլոր երկրները քվեարկեցին կողմ։ Եվ որպեսզի հաստատվի, որ Արցախը դուրս է բանակցություններից, պետք է նոր գագաթնաժողով լինի, և բոլորը համաձայնվեն դրան՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունը։ Դա ռեա՞լ է։ Իհարկե ռեալ չէ։ Հետևաբար՝ բանակցությունները ոչ լիարժեք ձևաչափով վարելը նույնիսկ ԵԱՀԿ սկզբունքներին և փաստաթղթերին է հակասում։ Անշուշտ, հասկանալի է, որ դա քաղաքական որոշում է՝ ելնելով Ադրբեջանի քմահաճույքներից, բայց դա չի նշանակում, որ եթե այդպես է, ուրեմն դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանում։ Այդ խնդիրներից մեկը և կարևորագույնը սա է, որ որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի համաձայնության։ Բացի դրանից՝ այդ ձևաչափը ոչ միայն կոնսենսուսի սկզբունքով է ընդունվել, այլ նաև կոնսենսուսի սկզբունք կա հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Դրա իմաստը հետևյալն է՝ համաձայնեցված չէ ոչինչ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ։ Սա ի սկզբանե դրվել է բանակցությունների փիլիսոփայության հիմքում։ Ի՞նչ է, ամեն ինչ համաձայնեցված է։ Իհարկե ոչ։

– Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ Մադրիդյան սկզբունքները վերջնական փաստաթուղթ չէ, մշակված ծրագիր չէ, այլ ընդհանուր սկզբունքների, հակամարտության կարգավորման տարրերի ամփոփագիր։

– Այո, բայց սկզբունքները տարբեր են, այդպես չէ՞։ Կա տարածքային ամբողջականության սկզբունք, կա ժողովուրդների ինքնորոշման իրավունք։ Բայց մենք և ադրբեջանական կողմը տարբեր կերպ ենք նայում այս սկզբունքներին։

– Նկատի ունեի՝ դրանք սկզբունքներ են, տարրեր են, որոնց հիման վրա կարող են մշակվել հակամարտության կարգավորման ծրագրեր։

 

 

 

– Կարող են մշակվել բանակցությունների հիման վրա։ Կարող են մշակվել, բայց կարող են նաև չմշակվել, կարող են մերժվել։ Դա ցույց կտա բանակցությունների ընթացքը։

– Դուք հարց հնչեցրիք, թե արդյո՞ք բանակցային գործընթացի շրջանակներում բոլոր հարցերը համաձայնեցված են։ Մեր փորձագետները, քաղաքական գործիչները, անդրադառնալով այս հարցին, ասում են, որ Մադրիդյան սկզբունքները հիմնախնդրի արդար լուծում չեն առաջարկում, քանի որ այս նախագծում հստակեցված չէ, թե ե՞րբ պիտի անցկացվի հանրաքվեն՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար։ Ղարաբաղին առաջարկվում է միջանկյալ կարգավիճակ։ Իսկ տարածքների հարցը շատ ավելի հստակ է, ընդ որում ասում են, թե «առաջինը պետք է տարածքները տաք»։

– Տարբեր փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում։ Իհարկե, ամեն ինչ պետք է հաշվի առնվի, և եթե փորձագետներն այդպիսի կարծիք ունեն՝ իմացեք, որ երկրների ղեկավարությունը և ժողովուրդը ոչ պակաս իրատեսական և ինչու չէ, նաև կոշտ կարծիք ունեն այս կամ այն սկզբունքի մասին։ Հետևաբար անհոգ եղեք, որևէ մեկն իրավունք չունի հակաժողովրդական, հակապետական քաղաքականություն վարել։ Չի՛ լինելու այդպիսի բան։

 

 

 

– Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը վերջերս շատ հետաքրքիր վարկած առաջ քաշեց՝ ասելով, թե ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցող կողմերին, այսինքն՝ Հայաստանին և Ադրբեջանին, առաջարկվում է վիճելի համարվող շրջանների դիմաց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը։ Սա որքանո՞վ կարող է մոտ լինել իրականությանը։

– Գիտեք, տարբեր առաջարկներ կարող են լինել, բայց առաջինը՝ դրանք քննարկման առարկա են՝ նախ և առաջ պաշտոնական Ստեփանակերտի անմիջական մասնակցությամբ, երկրորդը՝ տարբեր շրջանակներ կարող են տարբեր առաջարկներ ներկայացնել, բայց դրանք կյանքի կոչելու համար պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությունը։

– Նույնիսկ հիմա, երբ Արցախը դեռ անմիջականորեն չի մասնակցում բանակցություններին, բայց երբ նման առաջարկներ են լինում, համանախագահները ձեզ տեղեկացնո՞ւմ են դրա մասին։

– Գիտե՞ք՝ ինչի մեջ է խնդիրը․ տեղեկացնելը քաղաքական և իրավական կատեգորիա չէ։ Ի՞նչ է նշանակում տեղեկացնել։ Մենք պիտի մասնակցենք բոլոր գործընթացներին։ Խոսքը բանակցությունների և պետությունների փոխհարաբերությունների մասին է։

Կա հստակ կարգ, բանակցային ձևաչափ։ Այդ ձևով պիտի մասնակցենք, ոչ թե՝ տեղեկացրել են, պատմել են, վայ, էս մի բանը մոռացել են, էս մի բանը ճիշտ չեն ասել։ Դա պիտի լինի իրավական, քաղաքական կատեգորիա։

 

 

 

 

– Ավելի լայն հայացքով նայենք հիմնախնդրին։ Ըստ էության, հիմնախնդրի բոլոր՝ երկու կամ երեք կողմերն էլ ասում են, որ ցանկանում են հիմնախնդրի շուտափույթ լուծում, խաղաղություն են ուզում։ Ադրբեջանն էլ ասում է, որ ինքը հակամարտության կարգավորման մեջ ամենաշատը շահագրգռված կողմն է։ Բայց ինչպե՞ս պարզել, թե որ կողմն է անկեղծ իր հայտարարություններում։ Ինչպե՞ս կարելի է կարգավորել, եթե նա ոչ մի կերպ ընդառաջ չի գնում Արցախի և Հայաստանի մոտեցումներին։ Այդ դեպքում ինչպե՞ս է նա հետաքրքրված հիմնախնդրի հանգուցալուծման մեջ։

– Այստեղ արդեն դուք՝ լրատվամիջոցներդ պիտի աշխատեք, որպեսզի ցույց տաք Ադրբեջանի իրական դեմքը։ Եթե նա ուզում է կարգավորում՝ ինչո՞ւ է Սաֆարովի պես հանցագործին և տականքին հերոսացնում, ինչո՞ւ է անմեղ քաղաքացուն 20 տարի դատապարտում, ինչո՞ւ է ամեն ինչ անում, որ ահաբեկիչներին ազատի արցախյան բանտից և նորից նրանց հերոսացնի։ Այստեղ մենք պիտի աշխատենք։ Սա շատ կարևոր է։ Իմ կարծիքով՝ Հախվերդյանի պես հայտարարություններ անողները, այդպես մտածողները ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանը, Ալիևը և իր բանակը։ Սա ոչ պակաս վտանգ է։ Սա արդեն գալիս է մեզնից, մեր հասարակությունից՝ որքանո՞վ ենք պատրաստ, ի՞նչ իմունային համակարգ ունենք։ Եթե մենք լինենք համախմբված՝ որևէ մեկը չի կարող մեզ որևէ բան պարտադրել։

– Բայց գիտե՞ք՝ ինչը կարող է թակարդ լինել։ Վերջին ամիսներին, երբ Հայաստանի նոր ղեկավարը սկսեց հանդիպել Ալիևի հետ, Ադրբեջանի ղեկավարությունը սկսեց մեղմել իր պատերազմական, ռազմատենչ հռետորաբանությունը և լավատեսություն հայտնել, թե ստեղծվել են բարենպաստ պայմաններ հիմնախնդրի կարգավորման համար և այլն։ Եվ շատերի մոտ նույնիսկ կասկած առաջացավ, որ Ադրբեջանի նախագահը, որն ամենօրյա ռեժիմով սպառնում էր գրավել Ստեփանակերտն ու Երևանը, հերոսացնում էր Սաֆարովին, Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորներին գլխատած վայրենիներին, փոխել է իր մոտեցումները։ Գուցե Ալիևն իրո՞ք փոխվել է։

 

 

 

 

– Երբ այդպիսի բաներ են ասում, թող մտնեն համացանց և ուսումնասիրեն Հիտլերի ելույթները 1933-34 թթ․ և Անգլիայի վարչապետ Չեմբեռլենի հետ համաձայնագրի ստորագրումը 1938 թ․։ Կարծես տարբեր մարդիկ են․ Հիտլերը ծիծաղում է, Չեմբեռլենը ուրախացած ասում է՝ ամեն ինչ լավ է, նա փոխվել է․․․։ Հետո ի՞նչ եղավ։

– Հետո եղավ այն, ինչ եղավ։

– Այո, և որպեսզի այդպիսի բան չլինի, մենք պիտի միշտ զգոն ու միասնական լինենք։

– Քանի որ Չեմբեռլենի ու Հիտլերի մասին խոսեցինք, ուզում եմ որպես վերջաբան մի մեջբերում անել։ Վերջերս փորձագետներից մեկը, վերաձևակերպելով Չերչիլի խոսքերը Չեմբեռլենին, նշեց «մենք հիմա պիտի ընտրենք անպատվության և պատերազմի միջև, բայց նույնիսկ եթե ընտրենք անպատվությունը, միևնույն է, պատերազմից չենք խուսափի»։ Ի՞նչ կասեք սրա մասին՝ պրոյեկցելով այն Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։

 

 

 

– Սա, իհարկե, խորը փիլիսոփայական բան է։ Լինելո՞ւ է պատերազմ, թե՞ չի լինելու՝ ոչ ոք չգիտի։ Պիտի միշտ պատրաստ լինենք, որ դրա հավանականությունը իջնի։ Ինչքան մենք պատրաստ լինենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք մեր ավանդական բարեկամների, տարածաշրջանի այլ երկրների հետ, ամրապնդենք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Եվրոպայի երկրների հետ, այնքան պատերազմի հավանականությունը ավելի քիչ է լինելու։

 

 

 

Աղբյուրը ` 1in.am

Գոնե հիմա հասկանում ե՞ք, թե ինչ է անում Փաշինյանը Արցախի համար, որ չարեցին Հայաստանում ղարաբաղցի ոչ մի պաշտոնյա

Be the first to comment on "«Մենք, ի՞նչ է, գաղո՞ւթ ենք, որ մեր ճակատագիրը մեր փոխարեն որոշեն․ Արցախը պիտի մասնակցի բոլոր գործընթացներին»"

Leave a comment

Your email address will not be published.


*