Կենտրոնում 15 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել (տեսանյութ)

Հայաստանի անկախացումից հետո միայն Երևանի Կենտրոն վարչական շրջանում (նախկինում՝ Կենտրոն թաղային համայնք) լուծարվել և փակվել է համայնքին պատկանող 15 մանկապարտեզ: Ամիսներ տևած հետաքննությունը դանդաղում էր նախորդ տարի Երևան քաղաքում կառավարման ճգնաժամի պատճառով: Տասնյակի հասնող մեր հարցումներին հաճախ նույնաբովանդակ և ոչինչ չասող պատասխաններ էին տրվում: Այդուհանդերձ, «Հետք»-ը կարողացել է պարզել, որ լուծարվելուց հետո մանկապարտեզների տարածքները դարձել են նախկին պաշտոնյաների և այլ քաղաքացիների սեփականությունը: Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն, օրինակ, 4 մանկապարտեզի տարածքի փաստացի սեփականատեր է:

 

 

 

 

 

 

 

Երևանի կենտրոնում դեռևս 1996 թվականին գործում էր 35 մանկապարտեզ, տարիներ շարունակ, մանկապարտեզների լուծարումների հետևանքով, այսօր Կենտրոն վարչական շրջանում գործում է 21 մանկապարտեզ: Մանկապարտեզների գույքը օտարվել է 1996 թվականից 2009 թթ. ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում Կենտրոն թաղային համայնքը երկու ղեկավար է ունեցել՝ 1995-ից

Արարատ Զուրաբյանն էր, իսկ 2002 թ-ից՝ Գագիկ Բեգլարյանը: Վաճառված տարածքները հիմնականում եղել են բազմաբնակարան շենքերի բնակելի տարածքներում, երկուսն են առանձին շենք ունեցել՝ բակային տարածքով: Կենտրոնի ավագանիներն իրենց որոշումներում նշել են, որ երեխաների թերբեռնվածությունն է լուծարման պատճառ դարձել:

 

 

 

 

2018թ.-ի սեպտեմբերի 6-ի դրությամբ Կենտրոն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում հերթագրված երեխաների թիվը 1231 է, 2017 թվականին այդ թիվը կազմել է 1364, 2016-ին՝ 1631: Այս տարվա փետրվարի տվյալներով՝ Կենտրոն վարչական շրջանի ՆՈւՀ-եր (նախադպրոցական ուսումնական հաստատություն) հաճախելու համար հերթագրված երեխաների թիվը 822 է: Նախորդ տարի հերթագրված երեխաների արհեստականորեն ավելացված թիվը պայմանավորված էր նրանով, որ ծնողը երեխային կարող էր հերթագրել միաժամանակ մի քանի մանկապարտեզներում, հետագայում այդ հնարավորությունը վերացավ, քանի որ հերթագրումն արդեն էլեկտրոնային եղանակով է կատարվում:

 

 

 

Թիվ 140 մանկապարտեզ. Գ. Բեգլարյանի որդու սեփականություն

Երևանի Թամանյան փողոցի 3 շենքի առաջին հարկում և կիսանկուղային տարածքում մինչև 2008 թվականը գործել է թիվ 140 մանկապարտեզը: Այսօր մանկապարտեզի տարածքում գործում է «Պաուլաներ» գարեջրատունը: Մանկապարտեզը նախ միավորվել է Մաշտոցի պողոտայում գործող թիվ 7 մանկապարտեզին (նախկինում՝ թիվ 40): Միավորումից հետո՝ 2010 թ.-ին, Կենտրոնի թաղապետարանը մանկապարտեզի տարածքը վաճառել է քաղաքացի Տիգրան Ղազարյանին, որն էլ մեկ տարի անց այն վաճառել է Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հորը՝ Բեգլար Բեգլարյանին: Ավագ Բեգլարյանի մահից հետո այն ժառանգություն է ստացել Հրանտ Բեգլարյանը՝ Գագիկ Բեգլարյանի որդին: Մինչ օրս մանկապարտեզի տարածքը պատկանում է Հրանտ Բեգլարյանին, որը այն վարձակալության է տրամադրել «Օլիմպ 95» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը «Պաուլաներ» գարեջրատան շահագործողն է: Ընկերության 15 տոկոս բաժնեմասը պատկանում է «Համահայկական հիմնադրամ»-ի նախկին նախագահ Արա Վարդանյանին:

Թիվ 61 մանկապարտեզ. Գ. Բեգլարյանի օգնականի սեփականությունը

Թումանյան 38 շենքում գործած թիվ 61 մանկապարտեզը լուծարվել է 2003 թ.-ին: Այն գտնվում էր շենքի առաջին երեք հարկերում և զբաղեցնում էր 600 քմ տարածք: Մինչ լուծարումը՝ 2002 թ.-ին, մանկապարտեզի համայնքային սեփականություն համարվող գույքը վարձակալության է տրվել «Ռադիան Ս. Ս.» ՍՊԸ-ին, որից հետո վաճառվել է նույն ընկերությանը: Արարատ Զուրաբյանին Կենտրոնի թաղապետի պաշտոնում փոխարինելուց հետո, Գագիկ Բեգլարյանը դիմում է դատարան և մանկապարտեզի տարածքը 2003 թ.-ին ետ է վերադարձնում համայնքին: Երկու տարի անց թաղապետարանը մանկապարտեզի տարածքը սկզբում վարձով է տրամադրում, ապա՝ վաճառում քաղաքացի Արտյոմ Ներսիսյանին: Վերջինս նույն տարում այն վաճառում էհետագայում Գագիկ Բեգլարյանի օգնականը դարձած Համիկ Մկոյանին: Նշված տարածքում ժամանակին նաև ՀՀԿ-ի շտաբ-գրասենյակ է եղել: Քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ մանկապարտեզի լուծարումից հետո ծրագրվել էր այդ տարածքում բնակեցնել փախստականների:

Թիվ 50 մանկապարտեզ. Գ. Բեգլարյանի օգնականի սեփականությունը

Սայաթ-Նովա պողոտայի 37 հասցեում գործած թիվ 50 մանկապարտեզը Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2004 թ.-ի որոշմամբ միացել է նախկին 47 մանկապարտեզին: Նույն տարում մանկապարտեզի տարածքը տրվել է վարձակալության քաղաքացի Էդգար Սարգսյանին, որն էլ գնել է այն: Էդգար Սարգսյանից էլ գույքն անցել է նույն Համիկ Մկոյանին՝ Գագիկ Բեգլարյանի օգնականին:

Թիվ 60 մանկապարտեզ. գնել և վաճառել է «Գումի» շուկայի տնօրենը

Կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի 215-Ն որոշումից տեղեկանում ենք, որ Նորագյուղ թաղամասում նույնպես մանկապարտեզ է եղել: Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանի և թաղային համայնքի ավագանու 2000 թ.-ի որոշումներով՝ լուծարվել է թիվ 60 մանկապարտեզը: Այցելեցինք նշված մանկապարտեզի տարածք, որը Նորագյուղի Էջմիածնի հին խճուղի փողոցում է: Մանկապարտեզի տարածքը պարսպապատ է՝ փողոցի առաջին շարքում տեղակայված տների հետնամասում է: Արբանյակից արված լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ տվյալ տարածքն այսօր դատարկ հողակտոր է, եթե նախկինում շենք է եղել, ապա հիմա այն հողին է հավասարվել: Տարածքի սեփականատերն այսօր Արսեն Ղալումյանն է, սակայն կարևոր է, թե ումից է այն գնել Ղալումյանը: Պարզվում է, որ մանկապարտեզի տարածքը 2010 թվականին Երևան համայնքից գնել է Վազգեն Նահապետյանը, որը Երևանի թիվ 2 շուկայի տնօրենն է («Գումի» շուկա): Մամուլի հրապարակումների համաձայն՝ շուկան Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին էպատկանում: Ի դեպ, տարածքը մասնավորեցնելու ժամանակ Երևանի քաղաքապետը հենց Գագիկ Բեգլարյանն էր, որը նույն ժամանակ ծրագրել էր Նորագյուղի բնակիչներին վերաբնակեցնել՝ թաղամասում բիզնես կենտրոն ստեղծելու պատրվակով: Այսինքն՝ հողատարածքը գնելու Բեգլարյանի շարժառիթը հասկանալի էր:

Թիվ 48 մանկապարտեզ. նախկին նախարարի սեփականությունը

Կենտրոն վարչական շրջանի Տպագրիչների 8 հասցեի շենքի առաջին հարկում մինչև 2000 թվականը գործել է թիվ 48 մանկապարտեզը: Կենտրոնի ավագանու և այն ժամանակվա թաղապետ Արարատ Զուրաբյանի և կառավարության որոշումներով՝ մանկապարտեզը լուծարվել է 2000 թ.-ի ամռանը, իսկ մանկապարտեզի գույքը դարձել է թաղապետարանի սեփականությունը: Այսօր մանկապարտեզի տարածքում տեղակայված է «Մաքս օիլ» ՍՊԸ-ի գրասենյակն ու մեկ այլ մասնավոր տարածք: Այսինքն, մանկապարտեզի գույքն այսօր բաժանված է երկու մասի: «Մաքս օիլ» ՍՊԸ-ի գրասենյակի տարածքը պատկանում է ոմն Սուսաննա Մինասյանի, որը 2006 թ.-ին գնել է Սիրեկան Խաչատրյանից, իսկ Խաչատրյանը՝ Կենտրոնի թաղապետարանից: 73-ամյա Սուսաննա Մինասյանը նախորդ տարի հիմնադրել է «Սթրոնջիլոդն» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը զբաղվում է տնային դեկորների վաճառքով: Մանկապարտեզի գույքի մյուս մասը, մի քանի գործարքիարդյունքում, դարձել է Ռաֆայել Բագոյանի սեփականությունը: Բագոյանը 1995-96 թթ.-ին եղել է սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարը: Բեգոյանը գույքը նվեր է ստացել իր կնոջից:

Թիվ 127 մանկապարտեզ. «Միմինո» ռեստորան

Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 7 հասցեում տեղայված է եղել թիվ 127 մանկապարտեզը: Այն 1997 թ.-ին, թաղապետ Արարատ Զուրաբյանի որոշմամբ, միավորվել է թիվ 47 մանկապարտեզին (ներկայում՝ թիվ 8): Միավորումից հետո թիվ 127 մանկապարտեզը լուծարվել, իսկ գույքը գրանցվել է թաղապետարանի հաշվեկշռում: 2000 թվականին թաղապետարանը մանկապարտեզի տարածքը վաճառել է «Տաուրիս» ՍՊԸ-ին, որն էլ այսօր տնօրինում է տարածքը: 2009 թ.-ին նշված ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան և Ալեք Մանուկյան 7 հասցեի փոխարեն ստացել Ալեք Մանուկյան 7, 122 տարածք հասցե: Այս ընկերության 100 տոկոս բաժնետերը Գրիգոր Սուքիասյանն է: Նա հայտնի է «Գլորիայի Գրիշա» անվանումով («Գլորիա» անունով խաղատուն է ունեցել): 2011 թ. Գրիգոր Սուքիասյանը Երևանի ժամանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից է եղել: Սուքիասյանը նախկին մանկապարտեզի տարածքը վարձակալությամբ տրամադրել է «ՋԻ ԷՆ ՍՊՐՈՒՏ» ՍՊԸ-ին, որն էլ նույն տարածքում շահագործում է «Միմինո» ռեստորանը:

Թիվ 46 մանկապարտեզ. մասնավոր նախակրթարան

Սայաթ-Նովա պողոտայի թիվ 21/21ա հասցեում գործել է թիվ 46 մանկապարտեզը: Կենտրոնի թաղապետի 1997 թ.-ի որոշմամբ այն միավորվել է թիվ 163 մանկապարտեզին (ներկայում՝ թիվ 16): Մանկապարտեզի շենքի նկատմամբ 2002 թ.-ին գրանցվել է Կենտրոն թաղային համայնքի սեփականությունը: Նույն տարում թաղապետարանը մանկապարտեզի տարածքը վաճառել է «Էռտման» ՍՊԸ-ին, որն էլ վաճառել է Լիլիա Լազարյանին: Վերջինս էլ գույքը 2017 թ.-ին վաճառել է ատամնաբույժ Տիգրան Հակոբյանին և Ժաննա Հակոբյանին: Մանկապարտեզի տեղում այսօր գործում է «Բալու» մանկական ակումբը: Այս կենտրոնում երեխաների զարգացման ծրագրերի վարձը տատանվում է 30-ից 70 հազար դրամի սահմանում: Նախկին մանկապարտեզի տարածքի մի մասն էլ հատկացվել է քաղաքապետարանի սոցիալական աջակցության կենտրոնին և ծառայել է որպես տարածքային բաժնի գրասենյակ:

Թիվ 64 մանկապարտեզ. հանրային գերակա շահ

Լեոյի 33 հասցեում է գտնվում բացառիկ գերակա շահ ճանաչված թիվ 64 մանկապարտեզի կիսախարխուլ շենքը: Երևանի «Փակ շուկա»-ի հետնամասում գտնվող նախկին մանկապարտեզի տարածքը պարսապապատ է, դարպասներն էլ՝ կողպված: Մանկապարտեզը Կենտրոն թաղային համայնքի ավագանու 1998 թ.-ի որոշմամբ միավորվել է թիվ 62 մանկապարտեզին (ներկայիս՝ թիվ 11): Մանկապարտեզի շենքն ու դրան հարող՝ տասնամյակներ առաջ խիտ-խիտ կառուցված տները, կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի 168-Նորոշմամբ՝ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ: Մանկապարտեզի նախկին շենքը դարձել է Հայաստանի սեփականությունը:

Թիվ 36 մանկապարտեզ. «Իբիս» հյուրանոց

Պուշկինի 15 հասցեում տեղակայված թիվ 36 մանկապարտեզը լուծարվել է 2003 թվականին Կենտրոն թաղային համայնքի ավագանու որոշմամբ: Նույն որոշմամբ ևս 2 մանկապարտեզ է լուծարվել: Այդ ժամանակ Կենտրոնի թաղապետը Գագիկ Բեգլարյանն էր: Մանկապարտեզի տարածքը 2007 թ.-ին, կառավարության որոշմամբ, հանրային գերակա շահ է ճանաչվել: Այժմ մանկապարտեզի նախկին տարածքը գտնելն անհնար է, քանի որ տեղում վեր է խոյացել «Իբիս» հյուրանոցի բարձրահարկ շենքը: Թիվ 36 մանկապարտեզի քանդումն անխուսափելի էր, քանի որ մանկապարտեզի տարածքը գտնվում էր «Հյուսիսային պողոտայի» կառուցապատման ծրագրում:

Թիվ 24 մանկապարտեզ. մասնավոր տարածք

Մոսկովյան 8 հասցեի շենքի առաջին հարկում տեղակայված թիվ 24 մանկապարտեզը 1997 թ.-ի դրությամբ թերբեռնված է եղել: Այս հիմքով էլ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը որոշել է, որ այդ մանկապարտեզը և Մաշտոցի պողոտա 45 ա հասցեում գործող թիվ 40 մանկապարտեզը պետք է միավորել: Միավորումից հետո, Կենտրոնի թաղապետարանը մանկապարտեզի գույքը բաժանել է երկու մասի և օտարել:  2008 թ.-ին առուվաճառքի պայմանագրի հիման վրա միավորված թիվ 40 մանկապարտեզի տարածքի սեփականատեր է դառնում Կիմա Պողոսյանը: Նշված տարածքը վարձակալել է «Լ’օրանժ» սրճարանը:

Թիվ 99, թիվ 92, թիվ 66, թիվ 61 մանկապարտեզներ. թիվ 12 մանկապարտեզ

Մոսկովյան 31 շենքի 2-րդ հարկում հաջորդաբար բացվել և լուծարվել են թիվ 99, 92, 66 և 61 մանկապարտեզները: Այս տարածք է տեղափոխվել նաև Թումանյան 38 հասցեում գործած թիվ 61 մանկապարտեզը, որի տարածքը Գագիկ Բեգլարյանի օգնականի սեփականությունն է դարձել: Տեղափոխությունից հետո մանկապարտեզի համարը դարձել է 66: Տարիների ընթացքում մանկապարտեզի թիվը փոփոխվել է, իսկ այսօր տարածքում գործում է թիվ 12 մանկապարտեզը:

Թիվ 162 մանկապարտեզ. մասնավոր տարածք

Սարյան 20 հասցեում էր գործում թիվ 162 մանկապարտեզը: Այն լուծարվել է 2000 թվականին: Մանկապարտեզի տարածքը մասնավորեցվել և հետագայում վարձակալության է հանձնվել: Մի քանի տարի է՝ տարածքի դռները կողպված են:

Թիվ 53 մանկապարտեզ. մասնավոր մանկապարտեզ

Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցին հարող մուտքի դիմաց է տեղակայված «Էլտառոզ» օտար լեզուների թեքումով մասնավոր մանկապարտեզը: Մանկապարտեզի մեկ ամսվա վարձը սկսվում է 90 հազար դրամից: Մասնավոր մանկապարտեզի տեղում նախկինում գործել է «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» պետական ՓԲԸ-ն: Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի 1212-Ա որոշմամբ մանկապարտեզը մասնավորեցվել է կոլեկտիվին: «Pages.am» կայքի տվյալներով՝ «Էլտառոզ» կենտրոնը հիմնադրել է Մարդոյանների ընտանիքը 1993թ.-ին, որպես «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» ՓԲԸ` Դեմիրճյան 8 հասցեում: Մինչդեռ Պետական ռեգիստրի տվյալներով՝ «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին, իսկ կառավարության համապատասխան որոշումը կայացվել է 2002 թվականին: Հիմնադիրներից է Վաչագան Մարդոյանը: Վերջինս նաև «Էլտառոզ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, այն հիմնադրել է 2002 թվականին: Ընկերությունները Երևան քաղաքում նախադպրոցական կրթություն իրականացնող 3 կենտրոն ունեն: Վաչագան Մարդոյանին պատկանող նախակրթարանները 2015 թվականին տուգանվել էին 15 միլիոն դրամով:

Երևանի կոնյակի գործարանի մանկապարտեզը. բնակարաններ

Կենտրոն վարչական շրջանի մեջ մտնող Կիլիկիա թաղամասում խորհրդային տարիներին գործել է «Երևանի կոնյակի գորածան»-ին պատկանող մանկապարտեզը: Այն հայտնի էր նաև «Տիկին Նորայի» մանկապարտեզ անունով: Կիլիկիայի բնակիչները «Հետք»-ին պատմեցին մանկապարտեզի մասին որոշ հուշեր, ապա մատնացույց արեցին դրա գտնվելու վայրը: Կիլիկիա 3 շենք հասցեում գտնվող մանկապարտեզը տեղակայված է եղել 5 հարկանի շենքի առաջին և 2-րդ հարկերում՝ բնակարանների տարածքներում: Տարածքի մի մասը մասնավորեցվել է 1995 թվականին: Շահումյանի շրջխորհրդի գործկոմի թիվ 14/66 որոշման հիման վրա այն գրանցվել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի անվամբ: 2001 թ.-ին Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող գույքը վաճառել է քաղաքացի ժորա Հովսեփյանին: Մյուս մասի սեփականատերէ դարձել քաղաքացի Տոնիկ Տոնոյանը:

ԵԿՄ. Երևանի սեփականություն

Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 20/4 հասցեում այսօր տեղակայված է Երկրապահ կամավորականների միություն ՀԿ-ի տարածքային ստորաբաժանումը: ԵԿՄ-ի այդ ստորաբաժանման տեղում խորհրդային տարիներին և դրանից հետո մանկապարտեզ է գործել, որը լուծարվել է, իսկ գույքը՝ գրանցվել Կենտրոնի թաղապետարանի անունով, հետագայում այն անցել է Երևան քաղաքին: Սեփականության իրավունքով Երևան համայնքին պատկանող գույքը 2012 թ.-ին անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրվել է ԵԿՄ-ին: Երևանի ավագանու որոշմամբ 5 տարի ժամկետով է գույքը փոխանցվել ԵԿՄ-ին: Երբ «Հետք»-ը հետաքրքրվեց այդ անշարժ գույքով, քաղաքապետարանը նախաձեռնեց գույքը ԵԿՄ-ից ետ վերցնելու գործընթացը: «Երևանի քաղաքապետարանի կողմից համապատասխան ծանուցում է ուղարկվել «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ պայմանագրից հրաժարվելու մասին, որը սահմանված կարգով կազմակերպության կողմից ստացվել է, և ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կազմակերպության անվամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու ուղղությամբ»,- ասված է քաղաքապետարանից մեզ ուղղված պատասխան նամակում:

Այս պատկերը Երևանի միայն Կենտրոն վարչական շրջանում էր: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախորդ տարիներին փակվել են մանկապարտեզներ, իսկ տարածքները՝ մասնավորեցվել նույն տրամաբանությամբ: Փակված մանկապարտեզների թեման «Հետք»-ի ուշադրության կենտրոնում է, և հաջորդիվ կներկայացնենք մեկ այլ վարչական շրջանի մանկապարտեզների պատմությունը՝ պարզելու համար, թե դրանք ում սեփականությունն են դարձել, և տեղում ինչ է գործում այսօր:

 

 

 

Աղբյուրը ` hetq.am

Դե՛ փորձվե՛ր էդ ժամանակ մեկը «ձայն» հաներ…ամոթ… վայ ես ձեր սրիկա մի ոլորտ չկա, որ պղծած չլինեին

Be the first to comment on "Կենտրոնում 15 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*