Հայաստանն անցնելու է հակահարձակման․ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Բաքվին

Հայաստանը փոխում է բանակի կառուցման փիլիսոփայությունը՝ պաշտպանական ստրատեգիայից անցում կատարելով հարձակողականի։ Այս մասին Առաջին Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով, վերջին շրջանում հայկական բանակը փոխում է իր նախկին պաշտպանական ստրատեգիան՝ այդ նպատակով ձեռք բերելով նոր զինատեսակներ։ Այս համատեքստում նա օրինակ բերեց Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման գործարքը եւ 100 մլն դոլարի նոր պաշտպանական վարկային պայմանագրի կնքումը։ «Դրացից է Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման մասին պայմանագրի կնքումը», -ասաց նախարարն՝ իր խոսքում նաեւ պատասխանելով այդ պայմանագիրը քննադատողներին։

Քննադատողների մեծ մասը նշում է գործարքի բարձր արժեքը, գին-որակ հստակ վերլուծության բացակայությունը եւ Սու-30ՍՄ-ների կիրառման արդյունավետությունը զարգացած հակաօդային պաշտպանության համակարգի պայմաններում, որն ունի Ադրբեջանը։

«Ինչ է նշանակում՝ գործարքը թանկ է։ Ինչի հետ են համեմատում։ Եթե մենք Սու-30ՍՄ-ի միջոցով կարողանում ենք առաջնագծից հարյուրավոր կմ հեռավորության վրա արդյունավետ խնդիրներ իրականացել, խնայել տասնյակ եւ հարյուրավոր զինվորների կյանքեր, ապա ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը», — ասաց նախարարը։

Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։

«Ոչ քանակական առումով, ոչ ժողովրդագրական առումով, ոչ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնել», — Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով նաեւ, որ բանակի՝ հարձակողական ստրատեգիայի անցումն ունի լուրջ հիմքեր։

 

 

 

«Փոխվում են ժամանակները եւ պայմանները, բանակը պետք է համապատասխանի ներկայի մարտահրավերներին եւ հաղթահարի դրանք։ Ուստի, մենք պարտավոր ենք գնալ այդ քայլին, քանի որ ինչպես ասում են՝ պաշտպանվող բանակը վերջում միշտ պարտվում է», — եզրափակեց նա։

Հաղորդավարի հարցին՝ հարձակվելո՞ւ ենք նաև, Տոնոյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա, չմտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը, ըստ նախարարի, դեռ գաղտնիք է։

 

Աղբյուրը ` armtimes.com

Կեցցե մեր նախարարը

Be the first to comment on "Հայաստանն անցնելու է հակահարձակման․ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Բաքվին"

Leave a comment

Your email address will not be published.


*