«Եթե 25 տարի դա հանդուրժվել է Արցախի կողմից, ու հիմա չի հանդուրժվում, ո՞րն է պատճառը»․Ստյոպա Սաֆարյանը

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, հանրությունը շարունակում է քննարկել Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ ժամանակին Սերժ Սարգսյանը Արցախի իշխանություններին հավաքել ու խոսել է զիջումների մասին, որին վերջիններս չեն հակազդել։ Սրան հաջորդեցին Արցախի իշխանությունների հայտարարությունները, որ որևէ պարտադրանք չի եղել և չէր կարող լինել։ Ձեր կարծիքով այս կծիկը մինչև ուր կարող է բացահայտվել։ Ի վերջո, տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանություններին պատրաստում էր զիջումների։ Եղե՞լ է այդպիսի մտայնություն այդ ժամանակ, թե ոչ։

Ես այդ ժամանակի վերաբերյալ իմ գնահատականներն ունեմ. իհարկե, Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամներ խոսել է, որ ինքն ու իր կողմից ղեկավարվող Հայաստանը պատրաստ կլինի «տարածքներ կարգավիճակի դիմաց» տարբերակին կարգավորման դեպքում։ Իհարկե, 2014-ից հետո զարգացումները և, ընդհանրապես, ինչպես մենք արտահոսքից ենք դատում, եղել է առաջարկ «տարածքներ խաղաղության դիմաց», որը մերժել է նաև Սերժ Սարգսյանը։ Հիմա եթե մենք այս ինֆորմացիայից, որը ունենք Լուկաշենկոյի կողմից բարձրաձայնումներում և այլ արտահոսքերում, որոնք եղել են բանակցային գործընթացից, կարելի է ենթադրել հետևյալը. Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում աշխատել է «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում։ Նրան առաջարկվել է «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը, ինքը մերժել է։ Եվ եթե նա Արցախում կարող էր որևէ բան ներկայացնել, ապա «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքին իր պատրաստակամության և հայտնած դիրքորոշման շրջանակներում։

Ըստ Արցախի ներկայացուցիչների՝ դա մերժվել է իրենց կողմից։

Այ այստեղ է խնդիրը. արդյոք այդ հանդիպումներում քննարկվել է «տարածքներ կարգավիճակի դիմաց»-ը, անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանին դա առաջարկվել է, թե չի առաջարկվել, որովհետև Սերժ Սարգսյանին առաջարկվել է «տարածքներ խաղաղության դիմաց»-ը։ Մի կողմ ենք թողնում Սերժ Սարգսյանին առաջարկվածը, Լավրովյան պլանը և այլն, «տարածքներ կարգավիճակի դիմաց» Սերժ Սարգսյանի մոտեցման շրջանակներում, եթե անգամ դա քննարկվել է, ապա Արցախից հնչող հայտարարությունները տարօրինակ են դառնում։ Որովհետև այն ժամանակ համենայնդեպս մեզ հայտնի չէ որևէ հայտարարություն այդ փակ հանդիպումներից կամ հրապարակային հանդիպումներից, որ իրենք դեմ են «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևին։ Հիմա եթե մենք այս համատեքստում նայում ենք Սամվել Բաբայանի և Արցախի հատկապես ռազմական ղեկավարության հայտարարություններն ու խոսքերի «փոխհրաձգությունը» իրենք պետք է հաստատեն, թե ինչ է քննարկվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։ Որովհետև այժմ Վիտալի Բալասանյանը նույնիսկ կարծեք թե անթույլատրելի է համարում «տարածքներ կարգավիճակի դիմաց» ձևակերպումը։ Եթե դա անթույլատրելի է Ղարաբաղի համար, ապա իսկապես Վիտալի Բալասանյանը և մյուս մասնակիցները պետք է իրենք բացատրեն, թե ինչու էին 2017-ին դրան կողմ, կամ եթե դեմ էին, ինչու դրա մասին հայտնի չէ, կամ այդ դեպքում Հայաստանի ու Արցախի հարաբերություններն ինչպես են կարգավորվել։

Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշել է, որ ներկա է եղել 2016-ի այդ 2 հանդիպումներին և չի կարող լինել հետդարձ թե կարգավիճակի, թե սահմանների հարցում։

Ես ուրախ եմ, որ Արցախը հստակեցրել է իր դիրքորոշումները, բայց այստեղ իսկապես մտահոգություն կա Երևանի և Ստեփանակերտի հարաբերությունների կտրվածքով, որ մտահոգիչ ընթացք կարող է ունենալ, և նաև անհասկանալի բան կա, թե ինչու հենց հիմա նրանք դեմ դարձան «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևին։ Որովհետև նախկին բանակցային 25 տարիների ընթացքում այս բանաձևն է քննարկվել։ Եթե իրենք դեմ են, ապա ինչ են առաջարկում։

Հնարավո՞ր է, որ քանի որ Հայաստանում արդեն լեգիտիմ իշխանություն է, հարաբերություններն էլ Արցախի հետ այլ են, և Արցախում էլ շատ ավելի համաձակ են դարձել իրենց շփումներում և դիրքորոշումներում։

 

 

 

Դա կարող է պատճառներից մեկը լինել, որովհետև այժմ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն որևէ կերպ չի ցանկանում ազդել Արցախի դիրքորոշումների վրա։ Ավելին, ասում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Բացի այդ, ասում է՝ ես որպես ՀՀ վարչապետ չունեմ Արցախի ընտրողի մանդատը։ Ասում է՝ կարգավորման տարբերակի կայունության առումով այլընտրանք չունի Արցախի ժողովրդի համաձայնությունը։ Այսինքն, 3-4 չափանիշների տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասում է, որ ես հարգում եմ այդ երկրի ինքնիշխանությունը, ես հակված եմ խնդրի կարգավորմանը, բայց այդ կարգավորման իրատեսականությունը և կայունությունը պահանջում է Արցախի ժողովրդի համաձայնություն, և երրորդ՝ բանակցություններում պետք է լինի Արցախի ներկայացուցիչը, որովհետև իր ապագան որոշելու մանդատը նա տալիս է իր իշխանությանը, ոչ թե ՀՀ իշխանությանը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը շատ ազնվորեն դնում է շիտակ հարաբերություններ։

Բայց բանակցային գործընթացի գնալուց առաջ, վերջին ամիսներին որևէ հանդիպումից առաջ կամ հետո՝ կլինի Նիկոլ Փաշինյանը, թե ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, այս փուլում իրենց մասնակցությունը համաձայնեցրել են Արցախի հետ։ Սա նույնպես ազնվության ու շիտակության մասին է խոսում։ Սրանք Արցախի ինքնիշխանությունը ճանաչելու և հարգելու ապացույցներ են։ Բայց հարցը հետևյալն է. ի վերջո, Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը քանիցս արդեն հայտարարել են, կառավարության ծրագրում էլ գրել են, որ Արցախի անվտանգության երաշխավորն են և նաև ՀՀ-ի համար առաջնային է լինելու Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը։ Սա օրակարգում առաջնայնություն է լինելու հայկական կողմերից, եթե որևէ հարց քննարկվի։ Այս կտրվածքով Արցախն ու Հայաստանը համաձայնեցնելո՞ւ են իրենց պատկերացումներն այդ անվտանգության և այդ կարգավիճակի վերաբերյալ, ինչը պարտադիր է, ինչը հրամայական է։

 

 

 

Մյուս կողմից, մենք ունենք Արցախի կողմից հնչող հայտարարություններ, որոնք ակնհայտորեն դեմ են նախկին տասնամյակներում քննարկումներին։ Շատ լավ, այդ նախկին բանակցությունները բերել են խնդիրների, կամ բերել են նրան, որ ՀՀ ղեկավարությունը մոտեցել է անթույլատրելի կարմիր գծերին, կամ հատել է այդ գծերը, բայց հարց է ծագում, եթե նախորդ 25 տարիներին դա հանդուրժվել է Արցախի իշխանությունների կողմից, ու հիմա չի հանդուրժվում, ո՞րն է դրա պատճառը։ Ես չեմ ասում՝ Արցախը թող հիմա էլ հանդուրժի, քավ լիցի։ Ես ասում եմ՝ Երևանն ու Ստեփանակերտը ունե՞ն պայմանավորվածություններ առնվազն, թե ինչ ժամկետներում այդ խնդիրները պետք է լուծվեն։ Այս պահին Հայաստանը դժվար թե կարողանա նախկին 25 տարիների բանակցային ռելսերը կտրուկ փոխի ու դնի նոր ռելսերի վրա։

Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածը, շատերի գնահատմամբ, բավական թույլ է և նաև ընդգծում է ռուսական կողմնորոշումը՝ հաշվի առնելով, որ հենց առաջին հատվածում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումն է նշվում, իսկ ԵՄ-ի հետ հարաբերություններին շատ հպանցիկ ու մակերեսային անդրադարձ կա։ Դուք այսպիսի միտում այստեղ տեսնո՞ւմ եք։

Ես տեսնում եմ, որ կառավարության ծրագրում առանձնապես շեղում չկա նրանից, որի մասին անցած ամիսներին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է։ Հիմա թե ինչ չափով խորն է այդ ամենը գրված, ինչ չափով չափելի է այդ ամենը, ինչ չափով դա չի խախտի լրջագույն բալանսներ Հայաստանի արտաքին քաղաքականությունում, այս հարցերը կարող են քննարկվել, բայց, համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչեցրած կուրսի հետ և Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության հետ այն որևէ հակասություն չունի։

 

 

 

Աղբյուրը ` mer-info.ru

Be the first to comment on "«Եթե 25 տարի դա հանդուրժվել է Արցախի կողմից, ու հիմա չի հանդուրժվում, ո՞րն է պատճառը»․Ստյոպա Սաֆարյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*