«Ուզում եք փող աշխատել, կեցցե՛ք, բայց դուք կորցնում եք ձեր դաշնակցին՝ հանուն այդ քոսոտ $5 միլիարդի»

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, վստահ եմ՝ գիտեք, որ Հայաստանի ներքաղաքական վիճակն այսօր բավական հեղհեղուկ է, շուտով կկայանան խորհրդարանական ընտրությունները, և սրան զուգահեռ՝ լարված է իրադրությունը Հայաստանի շուրջ՝ մասնավորապես ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և հետխորհրդային մի քանի երկրների հետ հարաբերություններում: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցըթվում է, թե սա սովորական կադրային, տեխնիկական հարց է, առավել ևս, որ գլխավոր քարտուղարն այս կազմակերպությունում շատ բան չի որոշում, բայց այս հարցը վերաճել է լուրջ քաղաքական կոնֆլիկտի Հայաստանի և Բելառուսի միջև:

– Այո, դուք ճիշտ եք: Իմ սիրտը շատ է ցավում դրա համար: Ես շատ լավ գիտեմ խնդրի էությունը:

– Եվ ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը և ի՞նչ կասեք այս խնդրի վերաբերյալ:

– Ես կասեմ, որ այս իրավիճակը շատ վատ եմ գնահատում: Սա շատ վտանգավոր ու տհաճ իրավիճակ է, որը, ցավոք, այնքան էլ Հայաստանի օգտին չէ: Այն վնաս է հասցնում Հայաստանի և ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրների բարեկամությանը: Ցավոք սրտի, այս կազմակերպության որոշ անդամ երկրներ շատ վատ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, որը շատ անզգույշ գործեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հետ կապված հարցում, և դա, բնականաբար, բացասաբար գնահատվեց ՀԱՊԿ-ում: Փաշինյանը պետք է շատ ավելի շրջահայաց լիներ այսպիսի կարևոր հարցերում, որովհետև նա այլևս թերթի խմբագիր չէ, այլ վարչապետ, ընդ որում՝ խորհրդարանական երկրում նա պետության գլուխն է: Բայց նա, առանց գործընկեր երկրների հետ խորհրդակցելու, թույլ տվեց, որ քրեական գործ հարուցվի Խաչատուրովի նկատմամբ: Պետք էր, նախ, այդ հարցը քննարկել գործընկերների հետ, հետո զանգել Խաչատուրովին և ասել՝ Յուրի Գրիգորևիչ, գիտեք ինչ, խնդրում եմ ձեզ մի քանի օրով գալ Երևան, ուզում եմ ձեզ հետ զրուցել: Եվ նա կգար: Բայց նա այլ կերպ վարվեց․ նա հետ կանչեց Խաչատուրովին, իսկ ՀԱՊԿ անդամներն ասացին՝ սպասեք, ի՞նչ եք անում: Հայաստանը պետք է մինչև 2020 թ. ղեկավարեր ՀԱՊԿ քարտուղարությունը: Այդ պատճառով էլ այնտեղ սկանդալ տեղի ունեցավ, և հարաբերությունները Հայաստանի հետ վատթարացան: Եվ երբ Խաչատուրովին հետ կանչեցին, հարց առաջացավ, թե ո՞վ պետք է փոխարինի նրան: Որքան գիտեմ՝ Հայաստանը Խաչատուրովի փոխարեն առաջադրել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, բայց իմ կարծիքով՝ մյուս անդամները չեն ուզում, որ նա գլխավոր քարտուղար լինի: Թեև 1990-ականների սկզբներին, երբ մենք զբաղված էինք Հայաստանի զինված ուժերի ձևավորմամբ, նա մեր ներկայացուցիչն էր ՀԱՊԿ-ում, այնպես որ նա ծանոթ է այս հարցերին: Բայց ես չգիտեմ՝ նա կկարողանա՞ ղեկավարել կառույցը, և չեմ ուզում նրան ո՛չ դրական, ո՛չ բացասական գնահատական տալ: Եվ քանի որ, ըստ ռոտացիայի սկզբունքի՝ ռուսական այբուբենով Հայաստանին հաջորդում է Բելառուսը, վերջինս առաջադրեց իր ներկայացուցչին այդ պաշտոնի համար: Եվ հիմա այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Ես չեմ մասնակցում այդ գործընթացին և չեմ կարող շատ բան ասել այս թեմայի վերաբերյալ:

– Դուք ասացիք, որ հնարավոր է՝ նրանք չեն ուզում, որ Վաղարշակ Հարությունյանը նշանակվի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Բայց չէ՞ որ նույն Բելառուսն ու Ղազախստանը Խաչատուրովի դեպքում էլ էին դեմ: Նրանք ընդհանրապես չեն ուզում, որ ՀՀ ներկայացուցիչը լինի գլխավոր քարտուղար, որովհետև Դուք էլ գիտեք, որ Ձեր նշած պատճառից բացի, այս երկրները եղբայրական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ՝ դրանից բխող բոլոր եզրահանգումներով:

– Ես դա գիտեմ: Այո՛, նրանք չէին ուզում, որ գլխավոր քարտուղարը ներկայացնի այն երկիրը, որը գտնվում է պատերազմական վիճակում հարևան երկրի և նույնիսկ երկրների, այսինքն՝ ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ: Իսկ այս երկրներն իրենց հերթին լավ հարաբերություններ ունեն Վրաստանի հետ: Ու թեև Խաչատուրովին ի վերջո նշանակեցին, այնուամենայնիվ, այդպիսի բան տեղի ունեցավ: Հետո պարզվեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել են մի մարդու, որը ենթադրաբար կապված է 2008 թ. մարտի 1-ի սպանությունների հետ: Իսկ Խաչատուրովը, ի միջի այլոց, շատ լավ սպա է և հզորագույն հրետանավոր: Բայց նա այն ժամանակ Երևանի կայազորի պետն էր և կատարում էր Գերագույն գլխավոր հրամանատարի՝ նախագահի հրամանը: Եթե նա չկատարեր հրամանը՝ կգնդակահարվեր կամ էլ բանտ կուղարկվեր, քանի որ նա երդում է տվել կատարել վերադասների հրամանները: Բանակն ընդհանրապես նախատեսված է դրսի հարձակումներից երկիրը պաշտպանելու համար, իսկ նման հարցերով ներքին զորքերը պիտի զբաղվեն: Հավանաբար նա ասել է դրա մասին, բայց մի՞թե Քոչարյանը, որն այն ժամանակ նախագահն էր, լսում էր մարդկանց: Նա հրաման էր տալիս և վերջ: Հետո տեղի ունեցան բախումներ, սպանություն: Բայց արդյո՞ք Խաչատուրովը նման հրաման է տվել: Թող բանտ նստեցնեն նրանց, ովքեր կրակել և սպանել են:

– Ֆաշիստ գեներալներն էլ էին ասում, որ իրենք ընդամենը հրաման են կատարել, բայց դա չփրկեց նրանց պատասխանատվությունից, որովհետև Նյուրնբերգյան դատավարության ժամանակ սահմանվեց՝ հանցավոր հրամաններ կատարելը հանցագործություն է:

– Գիտեք, էնպիսի հարց եք տալիս, կարծես՝ ես եմ քննիչը: Ես նյուրնբերգյան գործընթացն անգիր գիտեմ, քանի որ այն ուսումնասիրել եմ ակադեմիայում: Դուք ինձ այնպիսի հարց եք տալիս, որին ես չեմ կարող պատասխանել:

– Ես էլ հենց դա եմ ասում, որ քննիչները, իրավապահ մարմինները պիտի որոշեն, թե ով պիտի պատասխանատվության ենթարկվի նշված գործով, ոչ թե ես կամ Դուք:

– Ես զինվորական եմ, ես գիտեմ՝ ինչ է հրամանը: Ես էլ Աֆղանստանում եմ պատերազմել, ուրեմն ի՞նձ էլ պիտի բանտ նստեցնեն: Չէ՞ որ ես հայրենիքի, Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանն էի կատարում: Ես չեմ պաշտպանում ո՛չ Քոչարյանին, ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ Խաչատուրովին: Ես պատասխանում եմ ձեր հարցին սկզբունքորեն: Իհարկե, իմ ուղեղն աշխատում է, և եթե ինձ հրաման տային կրակել անմեղ մարդկանց, քաղաքացիականների վրա, ես կընդդիմանայի դրան:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, խոսքն ընդհանրապես ռազմական գործողությունների մասին չէ, այլ պատերազմական հանցագործությունների մասին: Չէ՞ որ պատերազմն էլ իր կանոններն ունի:

– Այո, դա կոչվում է հումանիտար իրավունք:

– Խոսքը դրա մասին է: Եվ նույնը վերաբերում է նաև քաղաքացիական կյանքին: Այսինքն՝ Մարտի 1-ի գործի պարագայում նախկին նախագահին և բանակի հրամանատարությանը մեղադրում են բանակը ներքաղաքական գործընթացներին ներքաշելու և երկրի «սահմանադրական կարգը տապալելու» մեջ: Այո, Դուք կռվել եք Աֆղանստանում, մասնակցել Արցախի ազատագրմանը, բայց չեք սպանել խաղաղ բնակիչների, այլ իրացրել եք Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան իրավունքը: Հետևաբար, ճիշտ չէ Աֆղանստանի կամ Արցախի պատերազմը համեմատել ֆաշիստների հանցագործությունների հետ:

 

 

 

– Իսկ դուք գիտե՞ք, որ ժամանակին ինձ Հայաստանից կանչել էին ՆԱՏՕ՝ Բրյուսել, որտեղ ես ելույթ ունեցա պատերազմի հումանիտար իրավունքի թեմայով: Դա տեղի ունեցավ ղարաբաղյան պատերազմի վերջին շրջանում: Տեր-Պետրոսյանը հրաման տվեց, որ ինձ կանչում են ՆԱՏՕ-ում ելույթ ունենալու:

– Ոչ, չգիտեի: Եկեք վերադառնանք ՀԱՊԿ-ի թեմային: Հայաստանում էլ հիմա բոլորն ընդունում են, որ Խաչատուրովի հարցում նոր կառավարությունը փոքր-ինչ անզգույշ վարվեց, և կարելի էր ավելի հաշվենկատ լինել: Նա փորձ չուներ, և սխալ թույլ տվեց: Դա նշանակում է, որ այդ մի սխալի համար պետք է պատժե՞ն Հայաստանին:

– Ոչ, իհարկե: Ես համաձայն եմ ձեզ հետ:

– Այդ դեպքում ինչո՞ւ նրանք չեն համաձայնվում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը այդ պաշտոնում:

– Ինչպես ասացի՝ ես ՀԱՊԿ-ում չեմ աշխատում և չեմ տիրապետում ներքին հարցերին: Այդ հարցին կարող է պատասխանել միայն Նիկոլ Փաշինյանը: Մի քանի օր առաջ ես մասնակցում էի Պետդումայում Աֆղանստանի պատերազմին նվիրված լսումներին:

Շուտով կլրանա Աֆղանստանի պատերազմի ավարտի 30-ամյակը, և Ռուսաստանի նախագահը հրաման է տվել բարձր մակարդակով կազմակերպել դրան նվիրված միջոցառումները: Եվ այդ լսումների ժամանակ՝ ընդմիջմանը, մի քանի գեներալ ինձ հարց տվեցին ՀԱՊԿ-ի մասին, թե ի՞նչ է այնտեղ տեղի ունենում, և ես պատասխանեցի, որ բոլորն էլ կարող են սխալվել, բայց չի կարելի դրա պատճառով փչացնել հարաբերությունները: Հետո ավելացրեցի, որ Բելառուսը սկսել է ավելի շատ զենք մատակարարել Ադրբեջանին: Իսրայելն ու Ռուսաստանը՝ նույնպես: Ի՞նչ նպատակով է զենք վաճառվում Ադրբեջանին: Այո, ուզում եք փող աշխատել՝ օգտվելով աղմուկից: Կեցցե՛ք: Բայց դուք կորցնում եք ձեր հարազատ ու մերձավոր դաշնակցին: Դուք կորցնում եք ձեր դաշնակցին՝ հանուն ինչ-որ քոսոտ $5 միլիարդի: Դա կոպտագույն սխալ է:

– Բելառուսն ու Ղազախստանը Ռուսաստանի հրահանգո՞վ են այսպես վարվում, թե՞ իրենց այդ դիրքորոշման պատճառը Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններն են: Ըստ ՀԱՊԿ-ի կանոնադրության՝ Հայաստանի ներկայացուցիչը երեք տարով պիտի զբաղեցներ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ինչո՞ւ հիմա թույլ չեն տալիս Հայաստանին օգտվել այդ իրավունքից: Ռուսաստանում նեղացա՞ծ են Հայաստանի ղեկավարությունից, թե՞ Մոսկվան այլ դրդապատճառներ ունի՝ չպաշտպանելու Հայաստանի դիրքորոշումն այս հարցում:

– Գիտեք, սա շատ բարդ և վտանգավոր հարց է: Ավելի ճիշտ՝ սա շատ վտանգավոր քաղաքականություն է: Իսկ հիշո՞ւմ եք այն դեպքը, երբ Հայաստանը պիտի միանար Եվրասիական տնտեսական միությանը, և Ղազախստանի նախագահը կարդաց Ալիևի նամակը: Սա անխղճություն է: Ինչո՞ւ ես պաշտպանում այլ երկրի շահերը, երբ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ ես, իսկ Ադրբեջանը՝ ոչ, և կարդում ես նամակ, որն ուղղված է քո գործընկերոջ դեմ: Ուրեմն նրանք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի դեմ, քանի որ Հայաստանն օգնում է Լեռնային Ղարաբաղին: Հիմա խոսենք Բելառուսի մասին: Իսկ Բելառո՞ւսն ինչու է այդպես վարվում: Որովհետև եթե Բելառուսն աջակցի Հայաստանին՝ չի կարող զենք վաճառել և վաստակել այդ քոսոտ փողերը: Դա քաղաքական անբարոյականություն է: Նա զենք է վաճառում, որ չկորցնի իր շուկան: Նրա սպառազինությունն ամբողջությամբ սովետական է, որովհետև խորհրդային տարիներին Բելառուսի տարածքում հսկայական քանակությամբ տանկային բանակներ են եղել: Իսկ հիմա նա չգիտի՝ ինչ անի այդ տեխնիկայի հետ, այդ պատճառով էլ զենքը վաճառում է այլ երկրներին: Ռուսաստանի քաղաքականությունն էլ այս առումով արդար չէ: Ինչո՞ւ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ղրիմի անկախությունը, բայց չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, թեև Ղարաբաղն առաջինն է ազատվել այդ սրիկաներից: Այս ամենը քաղաքականություն է: Նրանք վախենում են կորցնել հարաբերություններն իրար հետ։ Ես գիտեմ, թե որտեղից են սողոսկում այս զզվելի երևույթները։

 

 

 

– Խնդիրն այն է, որ սա պարզապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չէ։ Այս թեմայի հետ կապված են շատ կարևոր հարցեր մեր անվտանգության տեսանկյունից։ Դուք քննադատեցիք թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի համագործակցությունը Ադրբեջանի հետ, զենքի մատակարարումները։ Բայց, կարծես, Ռուսաստան-Ադրբեջան ու Բելառուս-Ադրբեջան հարաբերությունները շատ տարբեր խնդիրներ են։ Մենք Ռուսաստանին ևս շատ ենք քննադատել Ադրբեջանին զենք վաճառելու համար, բայց Ռուսաստանը, ի տարբերություն Բելառուսի, գոնե փորձում է ինչ-որ կերպ հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բայց ինչպե՞ս վարվել Բելառուսի հետ, որը բացահայտ թշնամական քայլեր է անում Հայաստանի դեմ՝ այս լարված իրավիճակում ցուցադրաբար զարգացնելով իր հարաբերությունները հակահայկական քաղաքականություն իրականացնող երկրի հետ։ Ինչպե՞ս վարվել նման գործընկերների հետ։ Հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ անդամների շահերի նման բախումները հանգեցնեն այս կազմակերպության կազմաքանդմանը։

 

 

 

– Անկեղծ եմ ասում՝ այդ նույն հարցը վերջերս նաև ինձ մոտ է ծագել, որովհետև մենք բոլորս մտածում ենք մեր երկրի, մեր հայրենիքի մասին, և ուզենք թե չուզենք, այս հարցերը տրամաբանորեն առաջանում են։ Խնդիրն այն է, որ ընկեր Լուկաշենկոյից կարելի է ամեն ինչ սպասել, բացարձակապես ամեն ինչ։ Նա նույնիսկ Պուտինի դեմ է ելույթ ունեցել, թեև լավ հարաբերություններ ունի նաև Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ։ Նա ինքնուրույն, խարիզմատիկ անհատականություն է։ Մեկ էլ տեսնում ես՝ նա արդեն դեպի Արևմուտք է նայում, և բոլորը սկսում են մտածել, որ նա հիմա նույնպես կգնա այդ ուղղությամբ։ Իսկ հետո հանկարծ հետ է շրջվում։ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով նա շատ է մտերմացել Ալիևի հետ, և նույնիսկ հարց է բարձրացվում Ադրբեջանից նավթ ու գազ գնելու մասին։ Հասկանո՞ւմ եք, որ նա դրանով դավաճանում է իր ամենամոտ բարեկամին, դաշնակցին։ Իսկ Հայաստանի դեմ նրա քաղաքականությունը բոլորովին այլ պատմություն է։ Նրանից կարելի է ամեն ինչ սպասել։ Նա շատ է մտերմացել Ադրբեջանի հետ այն պատճառով, որ վերջինս զենք է գնում Բելառուսից։ Նա ոչ թե պարզապես մերձեցել է, այլ ծախվել է։ Նա ծախվել է՝ զենքի դիմաց այդ քոսոտ գումարը ստանալու համար։ Հանուն դրա նա պատրաստ է անել ամեն ինչ՝ հանդիպում է Ադրբեջանի նախագահի հետ, գրկախառնվում և այլն։ Ռուսաստանն էլ, իհարկե, «պակասը չէ»։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչպիսի հարաբերություններ մենք ունենք Թուրքիայի հետ։ Նկատի ունեմ՝ Հայաստանը։ Եվ ինչպես է Թուրքիան ղարաբաղյան հարցում պաշտպանում Ադրբեջանին։ Իսկ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի հետ, մի երկրի հետ, որն ավելի քան 14 անգամ պատերազմել է Ռուսաստանի դեմ և ատել է ռուս ժողովրդին։ Եվ միևնույն է, Ռուսաստանը գնաց Թուրքիայի հետ հարաբերությունների մերձեցման, որովհետև Ռուսաստանի շահերը ամեն ինչից վեր են՝ Հայաստանի հետ բարեկամության հետ համեմատ։ Որովհետև Ռուսաստանն այլևս չի կարողանում նավթ և գազ վաճառել ուկրաինական ուղղությամբ։ Պորոշենկոն նրան ասել է՝ «Ցտեսություն, անլվա Ռուսաստան»։

 

 

Իսկ Ռուսաստանը պետք է վաճառի իր էներգետիկ ռեսուրսները, որովհետև տնտեսության մյուս ճյուղերը զարգացած չեն, նրանք լուրջ ձեռնարկություններ, գործարաններ չունեն։ Թուրքիան, իհարկե, համաձայնվեց։ Թուրքիան հիմա Ռուսաստանի օգնությամբ ատոմակայան է կառուցում և ամրապնդվում է։ Իսկ դա լուրջ վտանգ է Հայաստանի համար, քանի որ նա բոլոր հարցերում աջակցում է Ադրբեջանին, եղբայրական հարաբերություններ ունի նրա հետ։ Ավելին, Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը ստեղծել են եռակողմ համագործակցության ձևաչափ և համագործակցում են թե՛ քաղաքական, թե՛ էներգետիկ ու տնտեսական և թե՛ ռազմական ոլորտներում։ Ռուսաստանն իր հերթին փորձում է միություն ձևավորել Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի հետ։ Իսկ Հայաստանը հայտնվել է մեկուսացված վիճակում։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Ես ռազմավարական տեսանկյունից եմ նայում հարցին։ Եվ, կարծես, կրկնվում են 1921 թ․ իրադարձությունները, երբ Ռուսաստանի բոլշևիկները խլեցին Ղարաբաղն ու հանձնեցին թուրքական երկրորդ պետությանը՝ Ադրբեջանի անունով։ 1921 թ․ մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրով խլեցին Նախիջևանը և կրկին հանձնեցին Ադրբեջանին։ Իսկ հայերը հայտնվեցին զոհի վիճակում։ Այսօր էլ նույն բանն է կրկնվում։ Եվ ես երբեմն հարցնում եմ իմ պատմաբան ընկերոջը՝ լսիր, ինչո՞ւ մեզ այսպես չեն սիրում։ Չէ՞ որ մենք դավաճան չենք։ Վերջերս ես ելույթ էի ունենում Պետդումայում և հիշեցրեցի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին շուրջ 600 հազար հայ է մասնակցել, և հայ ժողովուրդը ռուսների հետ կողք-կողքի կռվել է ֆաշիստների դեմ, որոնք ուզում էին գրավել Մոսկվան։ Հիմա էլ հարավում Ռուսաստանի միակ ազնիվ դաշնակիցը Հայաստանն է։

 

 

 

– Ինչքան էլ այս վիճակը մեզ դուր չգա, այսպիսին է, ցավոք սրտի, իրականությունը։ Լուկաշենկոն էլ թքած ունի Հայաստանի շահերի ու Ղարաբաղի վրա, Նազարբաևն էլ, մյուսներն էլ։ Եթե փորձենք հարցին մոտենալ առանց հույզերի՝ ինչպե՞ս պետք է գործել այս իրավիճակում։ Այս իրավիճակում, երբ հակադիր շահեր կան գործընկեր երկրներից շատերի հետ, Հայաստանը կկարողանա՞ շարունակել համագործակցությունը ՀԱՊԿ-ում, թե՞ ընդհանրապես իմաստ չունի մնալ այստեղ, պետք է դուրս գալ այդ կազմակերպությունից։

– Տեսնում եք, թե ուր հասավ խոսակցությունը՝ ի՞նչ անել։ Իմ կարծիքով՝ ձեր այդ խոսքերը շատ վտանգավոր են Հայաստանի համար։ Իսկ ո՞ւր գնալ դուրս գալու դեպքում։ Մեդվեդևը մի օգնական ուներ՝ Պրիխոդկո ազգանունով։ Դա այն ժամանակ էր, երբ Մեդվեդևը զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։ Մի անգամ, երբ քննարկում էինք Ուկրաինայի քաղաքականությունը դեպի Արևմուտք, խոսք գնաց Հայաստանի մասին, և նա ասաց՝ «ո՞ւր պիտի փախչի Հայաստանը»։ Իսկ մենք պատասխանեցինք նրան, որ Հայաստանը կգնա այնտեղ, ուր գնաց Վրաստանը, որն այժմ ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, բայց նրան չեն ընդունում։ Նույն ճանապարհով գնաց նաև Ուկրաինան։ Իսկ երեկ մի տեսանյութ էի նայում, թե ինչպես է Ադրբեջանում ուսուցչուհին սովորեցնում փոքրիկ երեխաներին, որ հայերը Ադրբեջանի թշնամիներն են։ Նա հարցնում է՝ «ո՞վ է մեր ամենագլխավոր թշնամին», իսկ երեխաները բացականչում են՝ «հայե՛րը»։ «Իսկ ինչո՞ւ են նրանք մեր թշնամիները»։ «Որովհետև նրանք սպանել են մեր զինվորներին»։ Տեսեք, թե ատելության ինչպիսի քարոզչություն է իրականացվում Հայաստանի դեմ։ Իսկ սա, ի միջի այլոց, պատերազմի նախապատրաստություն է։

– Եկեք ամփոփենք թեման։ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները հանդիպելու են դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, և հնարավոր է, որ այնտեղ որոշում կայացվի, թե որ երկրի ներկայացուցիչն է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանն այս հարցում կպաշտպանի Հայաստանի՞ն, թե՞ Բելառուսին։

– Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։

 

 

 

– Չգիտեմ։

– Տեսնում եք։ Շատ դժվար է պատասխանել այդ հարցին։ Շատ դժվար է։ Ես բնութագրեցի Բելառուսի քաղաքականությունը, թե ինչ շահեր ունի նա և ինչը ինչի համար է անում։ Բայց այս իրավիճակը շատ անկանխատեսելի է։ Իսկ ինչքան անկանխատեսելի է Թրամփը։ Միջազգային հարաբերությունների հետ կապված հարցերը շատ բարդ են․ ով ինչպիսի՞ շահեր ունի, ում ի՞նչ է հետաքրքրում։ Սա շատ բարդ ու վտանգավոր քաղաքական իրադրություն է։ Տեսնենք՝ ինչ կլինի։

 

 

 

Աղբյուրը ` 1in.am

Այ էս հարցում թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ պրն գեներալ։ ՀԱՊԿ -ի դերը անհիրավի գերագնահատում եք՝մեկ։ Երկրորդն էլ՝ աղքատ բարեկամի նվաստացուցիչ ստերեորոտիպը ամենևին Նոր Հայաստանին պետք չէ։ Արժանապատիվ վերաբերմունքի ենք արժանի մեր ռազմավարական դաշնակիցների կողմից։ Այդ է մեր պահանջը։

Be the first to comment on "«Ուզում եք փող աշխատել, կեցցե՛ք, բայց դուք կորցնում եք ձեր դաշնակցին՝ հանուն այդ քոսոտ $5 միլիարդի»"

Leave a comment

Your email address will not be published.


*